Երևանի պոլիկլինիկաները կհամալրվեն նոր սարքավորումներով
SocietyԵրևանի պոլիկլինիկաները կհամալրվեն նոր սարքավորումներով: «2015թ.-ին, բնակչության բուժսպասարկման որակը բարելավելու և ավելի մատչելի դարձնելու համար, ամբուլատոր պոլիկլինիկաների հզորությունը մեծացնելու նպատակով Երևանի բյուջեյով նախատեսվել է 71 մլն 550 հազար դրամ, որով նախատեսվել է ձեռք բերել 5 ուլտրաձայնային սարք կարդիոտվիչով (դոպլերային), 10 ճեղքային լամպ՝ աչքի հետազոտության համար, 10 ֆունտուսային լինզա, 5 քրոնոսկոպ, 10 ալկալային տոնոմետր և 10 արյան կլինիկական անալիզատոր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:
Նրա հավաստմամբ՝ այս սարքավորումների մեծամասնությունը արդեն ձեռք է բերվել, իսկ նախորդ տարի ձեռքբերված երկու ռենտգենային սարք հանձնվել են թիվ 8 և թիվ 13 պոլիկլինիկաներին: Փոխքաղաքապետը նաև խոստացավ, որ ծրագիրը լինելու է շարունակական:
«Մենք հորդորում ենք մեր ազգաբնակչությանը, որպեսզի պարբերաբար այցելեն պոլիկլինիկաներ և զբաղվեն իրենց առաջնային առողջապահական խնդիրներով, որպեսզի մենք ոչ թե վիրահատենք և բուժենք հիվանդների, այլ հակառակը՝ ավելի վաղ շրջանում կարողանանք հայտնաբերել հիվանդությունները և թույյ չտանք, որպեսզի առողջական խնդիրները հասնեն անդառնալի կորուստների աստիճանի», - ասաց Դավիթ Օհանյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալը վերջում հավելեց, որ համայնքային բուժհիմնարկներում պետական ծրագրերով վերանորոգման կամ սարքավորումների ձեռքբերման ծրագրեր նախորդ տարիների ընթացքում չէին իրականացվում, սակայն վերջին երեք տարվա ընթացքում, քաղաքապետի նախաձեռնությամբ, քաղաքային բյուջեյով նախատեսվում են վերանորոգման, սաքավորումների ձեռքբերման և դժվարամատչելի ծառայությունների աջակցության ծրագրեր: Մասնավորապես, արդեն երկրորդ տարին անընդմեջ համակարգչային տոմոգրաֆիայի ծառայությունները սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվում են Երևան քաղաքի բյուջեի հաշվին: