Դաշտավանում այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա
SocietyԱրարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 16-ին ժամը 04:00-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղսում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով, տուժածներին օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ Դաշտավան գյուղում «Օպել» մակնիշի 34 CO 903 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել էլեկտրական սյանը, ինչի հետեւանքով մեքենայում բռնկվել է հրդեհ:
Մինչ փրկարարների ժամանումը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 1987 թվականին ծնված վարորդ Գ.Ս.-ն եւ ուղեւոր` 1983 թվականին ծնված Գ.Ա.-ն: Նրանք տեղափոխվել են Մասիսի ԲԿ: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուացրել են ժամը 04:16-ին, մարել` 04:26-ին: Մեքենան ամբողջությամբ այրվել է:
Լիլիթ Մաճկալյան