Թուրքիան խոսում է շանտաժի լեզվով. Թեւան Պողոսյան
PoliticsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քաղաքական վերջին ապտակներից հետո փորձում է ժողովրդավար ձեւանալ: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա զարմանալի մի հայտարարություն է արել, ասելով, որ այսքան տարիների ընթացքում Թուրքիայում ապրող հայաստանցիներին նրանք կարող էին արտաքսել, սակայն իրենք դա չեն արել։
Էրդողանյան անհասկանալի «բարեգթության» հետ կապված, Orer.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի հետ, ով նշեց. «Այս հայտարարությունն ավելի շատ կարելի է համարել շանտաժի միջոց կամ գործիք եւ ասել, որ նույն Թուրքիան այսօրվա դրությամբ ապօրինի գործողությունների է գնում, քանի որ իրենց մոտ օրենքները չեն աշխատում, ու որ այդ տարածքում կարող են ապօրինի մարդիկ ապրել ու բնակվել, սխալ կլինի: Տվյալ պետությունը գնում է այդ քայլին նրա համար, որ արտասահմանցի կռվողները գան եւ անդամագրվեն «Իսլամական պետության» հրոսական խմբավորմներին եւ այլն: Եթե Թուրքիան կոշտ երկիր լիներ, ապա չպետք է թողներ, որ մարդիկ անօրինական ձեւով բնակվեին այնտեղ: Փաստորեն, այս հայտարարությամբ նա իր երկրի մասին գնահատական է տալիս, բայց այդ ամենը նա փորձում է ներկայացնել ավելի շատ շանտաժի լեզվով. այս պարագայում շատ անհասկանալի է, թե Թուրքիան ում է վախեցնում` Հայաստանի՞ն, թե՞ աշխարհին: Նման հայտարարությամբ Թուրքիան նաեւ փորձում է ապացուցել, որ այս հարյուր տարվա մեջ իրենց երկիրը որեւէ փոփոխության չի ենթարկվել, իսկ նախագահը փորձում է այդ ամենն օգտագործել որպես քաղաքական մեսիջ»:
Հարցին` արդյո՞ք Թուրքիան կգնա կոշտ քայլերի եւ գործի կդնի հնարավոր բոլոր միջոցները, հետ ուղարկելով Թուրքիայում անօրինական կերպով բնակվող հայերին, պատգամավորը նշեց. «Ես ուրախ կլինեմ, որ այն հայերը, որոնք, ելնելով սոցիալական իրավիճակից, գնացել են Թուրքիա աշխատելու, այնուամենայնիվ, վերադառնան տուն: Խոսքս ոչ թե միայն Թուրքիայում ապրողների մասին է, այլ աշխարհի որեւէ երկրում ապօրինի բնակվող յուրաքանչյուր հայի: Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն նա պետք է հասկանա, թե այդ քայլով ինչի կհասնի եւ ինչ ցույց կտա աշխարհին: Մի քանի տարի առաջ նույն Թուրքիան հայտարարեց, որ այնտեղ կա 50 հազարանոց հայկական համայնք, հետո ասաց որ այդ թիվը հասնում է 70 հազարի, հետո թիվն անցավ նաեւ 125 հազարը: Ես այս քայլը եւս դիտարկում եմ որպես շանտաժ, իսկ այս ամենից հետո եթե նա պետք է արտաքսի հայերին այնտեղից` թող արտաքսի, հենց այդ ժամանակ աշխարհը կտեսնի նրա իրական դեմքը: Իսկ այլ երկրներում ապրող մեր հայերին ես նորից կոչ կանեմ վերադառնալ Հայաստան, որովհետեւ հայրենիքից թանկ բան չկա:
Սոսե Չանդոյան