Սկսնակ դերասան Արամ Ավետը` մասնագիտական ցանկությունների մասին (լուսանկարներ)
CultureOrer.am-զրուցել է երիտասարդ դերասան Արամ Ավետի հետ, որին հանդիսատեսը ճանաչեց «Սիրո գերին» սերիալից հետո: Արամը պատմեց իր առաջին քայլերի և այն նախագծերի մասին, որոնցում նա ընգրկված է հիմա` կարծիք հայտնելով նաև սերիալների որակի մասին:
-Արամ, ներակայացրեք ձեզ: Ինչպե՞ս որոշեցիք դառնալ դերասան: Ի՞նչ եք անում այդ ուղղությամբ:
Ես Արամն եմ, 20 տարեկան եմ...
Անհրաժեշտություն առաջացավ մասնագիտական ընտրություն կատարել, երբ դեռ դպրոցական էի: Այդ ժամանակ նաև պարի դասընթացների էի հաճախում և ուզում էի պարող դառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով որոշեցի դառնալ դերասան: 2012 թվականին ընդունվեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, այժմ սովորում եմ դերասանական բաժնի 3-րդ կուրսում՝ Ռաֆայել Քոթանջյանի արվեստանոցում...
-Ինչպիսի՞ն են Հայաստանում երիտասարդ դերասանի կայացման և ինքնադրսևորման հնարավորությունները, ինչը՞ կարող է խանգարել նրան:
-Այս հարցին մի փոքր դժվարանում եմ պատասխանել, չեմ էլ ցանկանում փիլիսոփայել, միայն կասեմ` երբ շնորքով լինես հաստատ քեզ կնկատեն: Ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա: Հայաստանում մի փոքր դժվար է կայանալ, դրա համար դեռ ժամանակ և ցանկություն է պետք: Ինձ մոտ ցանկությունը մեծ է, հույսս էլ չեմ կորցնում....
-Ի՞նչ նախագծերում եք ընդգրկված այսօր:
-Առաջին անգամ որպես ֆոտոմոդել հանդես եմ եկել խանութներից մեկի կողմից կազմակերպված նախագծին և ներկայացրել եմ աշուն-ձմեռ հավաքածուն՝ Սպորտային ոճը: Դրանից հետո նկարահանվել եմ հեռուստասերիալում, ինչն ինձ փորձ և, քիչ թե շատ, ճանաչում տվեց: Վերջերս՝ ապրիլի 1-ին և 7-ին տեղի ունեցավ հումորային ներկայացում` «Հում-օր կամ մեծ աղ-մուկ ոչնչից», որի բեմականացման հեղինակն ու ռեժիսորն էր ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը: Առաջին անգամ բեմ բարձրացա և խաղացի, իսկ բեմում կերտած իմ առաջին կերպարը՝ պապիկ Էր:
-Իսկ ի՞նչ կասեք սերիալների որակի մասին: Այսօր շատերի կողմից են քննադատվում ներկայացվող սերիալները, բայց դիտելիությունը, այնուամենայնիվ, մեծ է:
-Սերիալների որակը գնալով լավանում է: Երևի կանցնեն տարիներ և կունենաք ավելի որակով գործեր, որոնց սցենարը չի կրկնվի, որտեղ կնկարահանվեն միայն դերասանները: Կարծում եմ, որ եթե դիտելիություն կամ պահանջ չլիներ, ապա սերիալներ չէին նկարահանվի, իսկ քննադատությունը կարծում եմ ճիշտ է` թե բացասական, թե դրական առումով...
-Մասնագիտական ի՞նչ ցանկություններ ունեք:
-Մեծ ցանկություն կա ունենալ իմ հաղորդումը: Հիմա աշխատում եմ այդ ծրագրի շուրջ: Եթե ստացվի, անշուշտ կդիմեմ հեռուստաընկերություններին: Կցանկանամ նկարահանվել նաև գեղարվեստական ֆիլմում, ինչու չէ նաև հեռուստասերիալում:
Lևոն Փանոսյան