Կարեն Նազարյանը Հայաստանի վերաբերյալ ԵՄ զեկույցի թերությունը ցեղասպանություն բառի բացակայությունն է համարում
SocietyՀայաստանում ԵՄ Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2014թ. զեկույցում ցեղասպանություն բառի բացակայությունը այդ փաստաթղթի թերությունն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Նա հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ն դրա վրա է հրավիրել եվրոպացի գործընկերների ուշադրությունը: «Այդ կապակցությամբ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկումներ են ընթացել , որտեղ բացատրվել է հարցի զգայունություն ու նրա քաղաքական ասպեկտը»,- նշեց Նազարյանը:
Նա հույս հայտնեց, որ ապագայում Եվրամիությունը կկարողանա համախմբված գործել՝ հաշվի առնելով ինչպես Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների ընդունած բանաձևերը, այնպես էլ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերը:
Ազգային ժողովում «Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հարցի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեայի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցի անգլերեն տարբերակում փաստաթղթից բացակայում է ցեղասպանություն բառը, իսկ հայերեն տարբերակում ցեղասպանություն բառը կա: Տրայան Հրիսթեան այդ հակասությունը համարեց թարգմանական սխալի հետևանք՝ կոչ անելով հիմնվել զեկույցի անգլերեն տարբերակի վրա՝ այդպես էլ հստակ չպատասխանելով պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ զեկույցում չկա ցեղասպանություն բառը: