Թուրքիայի Հանրապետությունը երիտթուրքերի չափ մեղավոր է Ցեղասպանության մեջ
Society«Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Անահիտ Աստոյանը վստահ է` ֆիլմը ցույց է տալիս, որ Թուրքիայի Հանրապետությունը նույնքան մեղավոր է Հայոց ցեղասպանության մեջ, որքան երիտթուրքերը: Լրագրողների հետ զրույցում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության` 1919-1923 թվականների իրադարձությունների մասին շատ չի խոսվում, մինչդեռ դրանք վկայում են քեմալականների ոչ պակաս վայրագությունների մասին: «Ինչպես հայտնի է, 1918 թվականի հոկտեմբերի 30-ին Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Օսմանյան կայսրությունն ստորագրեց Մուդրոսի զինադադարի պայմանագիրը, որի հոդվածներից մեկի համաձայն` վերապրած հայությունը սիրիական անապատներից վերադարձավ իր նախկին բնակավայրերը: Սակայն շատ շուտով երկրում թափ ստացավ Մուստաֆա Քեմալի ղեկավարած ազգայնական շարժումը, որը շարունակեց երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունը: Քեմալականները կոտորեցին ու տեղահանեցին վերապրած ողջ արևմտահայությանը և հայաթափեցին երկիրը: Արդյունքում՝ կարողացան աս պարեզից վերացնել հայկական հարցը, հայերի` դարերի ընթացքում ստեղծված ունեցվածքի յուրացումով վճարեցին երկրի արտաքին պարտքի զգալի մասը, հոգացին պատերազմական մեծագումար ծախսերը, ստեղծեցին ազգային կապիտալ ու թրքացրին երկրի տնտեսությունը: Այնպես որ, Թուրքիայի Հանրապետությունն ստեղծվեց Հայոց ցեղասպանության արդյունքում»,-շեշտեց Անահիտ Աստոյանը` նշելով, որ ֆիլմը ներառում է ներկայացված ողջ տեղեկատվությունը:
Մատենադարանի ավագ գիտաշխատողը վստահեցրեց, որ թուրքական պաշտոնական պատմագրությանը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը` պնդելով, որ Թուրքիայի Հանրապետությունն առնչություն չունի նշյալի հետ, գալիս են հակադրվելու օտարների վկայություններն ու թուրք առաջադեպ պատմաբանների ուսումնասիրությունները: «Պաշտոնական պատմագիրները հայտարարում են, որ հայերի տեղահանությունը կազմակերպել են երիտթուրքերը, սակայն պատմական փաստերը հաստատում են, որ հենց քեմալական շարժման գործիչները երիտթուրքեր էին. Թուրքիայի Ազգային ժողովի, կառավարությունն ու , մանավանդ, զինվորական հրամանատարությունը կազմված էին երիտթուրքերից: Թուրքիայի Հանրապետության հիմնադիր կազմը կամ մասնակցել է 1915 և 1919-1923 թթականների կոտորածներին, կամ հարստացել Հայոց ցեղասպանորթյան արդյունքում»,- ասաց ֆիլմի սցենարի հեղինակը:
Անահիտ Աստոյանի խոսքով` ֆիլմում ներկայացված են այն մեթոդները, որոնցով գործել են քեմալականները: Դրանք այն նույն գործիքներն են, որ կիրառել են երիտթուրքերը` կանանց ու երեխաների բռնի թրքացում, հայերի կոտորածներ և այլն: Նա նաև տեղեկացրեց, որ ֆիլմում օգտագործվել են Այնթափի հերոսամարտի բացառիկ պատկերները, որոնք պահվում են Մատենադարանի ֆոնդերում: «Ֆիլմի սցենարն ստեղծելիս օգտագործել եմ թուրք առաջադեմ պատմաբանների ուսումնասիրությունները»,- նշեց Անահիտ Աստոյանը` հավելելով, որ պատրաստվում է ապագայում լույս ընծայել գիրք, ուր կնե րառվեն իր երկարամյա ուսումնասիրությունները:
«Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմի ռեժիսորը Արա Շիրինյանն է: Ֆիլմն արտադրվել է «Շողակաթ» հեռուստաընկերությունում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, պետական ու հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ ներկա գտնվեցին ֆիլմի շնորհանդեսին: