Գիսանե Պալյանը՝ ընտանեկան հիշողությունների և տեսահոլովակ-ակցիայի մասին
Lifestyle«Էմփիռեյ» ռոք խումբը նախապատրաստում է «Ապրիլյան» անվանումով նոր տեսահոլովակ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Orer.am-ի թղթակցի հետ զրույցում խմբի ներկայացուցիչ Գիսանե Պալյանը պատմեց գաղափարի և դրա իրականացման մասին` նշելով. «Ճիշտն ասած՝ մենք չէինք պլանավորում Հայոց ցեղասպանությանը նվիրված երգ ստեղծել, քանի որ սխալ էինք գտնում այդ թեմայի հետ կապված հատուկ մի բան անել: Այն, ինչ լինում է, պետք է շատ ինքնաբուխ ստացվի: Փոքր հասակից ապրել եմ իմ մեծ տատիկի՝ տատիկիս մայրիկիս հետ, ով տեսել է գաղթը և պատմել մի հետաքրքիր պատմություն՝ ինչպես գաղթի ճանապարհին իր փոքր եղբորը թողեց քրդերի մոտ, որպեսզի սովամահ չլինի: Ապրիլյան այս օրերին ես միշտ վերապրում և վերհիշում եմ այդ ամենը: Ինձ մոտ միտք հղացավ գրել ժողովրդական մոտիվներով մի մեղեդի, որի միջոցով հնարավոր կլինի պատմել այս պատմությունը: Այս ամենն արեցի ի հիշատակ տատիկիս:
Ես զրուցեցի տարբեր մարդկանց հետ և պարզեցի նաև, որ նման հիշողություններ շատ ընտանիքներ ունեն: «Էմփիռեյ» խմբով ձայնագրեցինք երգը և որոշեցինք տեսահոլովակ-ակցիա նկարահանել: Սոցիալական ցանցերով և մեր ծանոթների միջոցով կոչ արեցինք, որ այն մարդիկ, ովքեր ունեն նման պատմություններ և ինչու ոչ նաև լուսանկարներ, ուղարկեն այդ ամենը մեզ: Պատկերացրեք, որ բավականին մեծ եղավ արձագանքը: Մարդիկ լուսանկարներով բազմաթիվ պատմություններ ուղարկեցին, որոնք մենք պարբերաբար ներկայացնում ենք և դեռ կներկայացնենք: Մենք կապ հաստատեցինք նաև մի ռեժիսորի հետ, ով մեզ խոստացավ տեսահոլովակ նկարահանել: Որոշեցինք, որ սա կլինի ոչ միայն ֆոտոշարք, այլ նաև լիարժեք տեսահոլովակ, որտեղ ներգրավված կլինեն այս լուսանկարները»:
Orer.am-ի հարցին՝ ինչպե՞ս են ընտրվելու այն լուսանկարները, որոնք պետք է հայտնվեն տեսահոլովակում (լուսանկարների թիվը բավականին մեծ է), Գիսանե Պալյանը պատասխանեց.«Այդ հարցի պատասխանը կտեսնեք տեսահոլովակում, որովհետև գուցե բոլոր ֆոտոները չկարողանանք ներկայացնել, բայց մեզ ուղարկած լուսանկարները և կարճ պատմությունները հետագայում ֆոտոշարքի տեսքով մեր գործերում անպայման կհավաքվեն: Գուցե դա լինի առանձին ինչ-որ ֆոտոշարք, բայց քանի որ որոշվեց տեսահոլովակ նկարահանել, դեռ հարց կա՝ ինչպես պետք է այդ լուսանկարները երևան տեսահոլովակում. բայց գիտեմ, որ նրանք երևալու են: Մնացածը ռեժիսորի գաղափարն է»:
Զրույցը՝ Լևոն Փանոսյանի