Թուրքիայում հասկացել են. տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է
AnalysisՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված այն դատապարտելու եւ Թուրքիայի կողմից եւս անվերապահորեն ճանաչելու մասին իրար հետեւից տարբեր երկրների կողմից ընդունվող բանաձեւերից Անկարան հայտնվել է ցայտնոտի մեջ:
Այդ երկրում հասկացել են, որ իրենց կողմից շարունակաբար ժխտվող «ցեղասպանության» փոխարեն օգտագործվող «տեղահանություն» եզրույթը եւս մարդկության դեմ հանցագործություն է նշանակում:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը մեջբերել է թուրքական Kanal 24 հեռուստաալիքով ունեցած ելույթում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի խոստովանությունը, որ 1915 թվականին հայերի տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է նշանակում: Դրա հետ միասին, թերթի ներկայացրած տեսանյութում Դավութօղլուի գլխավորած` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու Էֆքան Ալան, շարունակելով իր ղեկավարի խոսքը, հաստատել է, որ Թուրքիան բռնի կերպով տեղահանել է հայերին:
Է. Ալան, ով Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարարն է եւ ԱԶԿ-ի` Էրզրումից առաջադրված թեկնածուն, Կարսում հանրության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն», քանի որ իրենք «տեղահանություն» են կատարել: Այսպես, պատգամավորի թեկնածուն հաստատում է տեղահանությունը, իսկ Դավութօղլուն էլ խոսոտովանում է, որ «տեղահանությունը մարդկության դեմ հանցագործություն է»: