Ուրուգվայը նաև հուսալի և հեռանկարային գործընկեր է
BlogՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կառավարության այսօրվա նիստի օրակարգի հարցերից մեկը առիթ դարձավ անդրադառնալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ավելի ճիշտ` դրա առաջին դրվագին: Բանն այն է, որ ճիշտ 50 տարի առաջ մարդկության պատմության այդ աննախադեպ ոճիրը առաջին անգամ ցեղասպանություն որակեց, ճանաչեց և դատապարտեց Հայաստանից հազարավոր կիլոմետր հեռու գտնվող մի ոչ մեծ երկիր` ՈՒրուգվայի Արևելյան Հանրապետությունը:
Եվ ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մենք պարտական ենք ՈՒրուգվայի իշխանություններին, ժողովրդին, քանի որ նրանք ճիշտ և արդար գնահատական տվեցին Հայոց ցեղասպանությանը` դառնալով առաջինը աշխարհի երկու տասնյակից ավելի երկրներից, որոնք ճանաչեցին ու դատապարտեցին այդ հրեշավոր հանցագործությունը և դրա հեղինակներին:
Իսկ կառավարության նիստի օրակարգի հարցը վերաբերում էր Հայաստանի և ՈՒրուգվայի համագործակցության հետագա սերտացմանը: Երկուստեք համոզմունք է հայտնվում, որ արդեն իսկ ստորագրված համաձայնագիրը կընդգրկի փոխադարձ հետաքրքրություն ունեցող ոլորտներ` տնտեսություն, առևտուր, ֆինանսներ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն, տեխնիկա և մշակույթ:
Ի դեպ, կողմերն անհրաժեշտության դեպքում կարող են կնքել լրացուցիչ համաձայնագրեր, որոնցով կսահմանվեն իրականացվելիք ծրագրերը և նախագծերը, դրանց նպատակները, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները և աշխատանքային ժամանակացույցը: Հայաստանի հեռու և մոտիկ բարեկամը` ՈՒրուգվայը, նաև հուսալի և հեռանկարային գործընկեր է: