Իսրայելն առաջին երկիրը պետք է լիներ, որ ճանաչեր Հայոց ցեղասպանությունը. Յաիր Աուրոն
SocietyՀայոց ցեղասպանությունը միայն հայերի եւ թուրքերի հարցը չէ, այն մարդկության խնդիրն է, եւ ժխտելով Հայոց ցեղասպանությունը` մարդկությունը հիմք է ստեղծում ցեղասպանությունների շարունակման համար: Տեսակետը իսրայելցի պատմաբան, ցեղասպանագետ Յաիր Աուրոնինն է: Երեւանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի ժամանակ մինչ ելույթ ունենալը Աուրոնը շնորհակալություն հայտնեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուջավայոյին, որ խոսելով իր ժողովրդի ցեղասպանության մասին` չմոռացավ հայերի մասին: «Կուզեի, որ իմ երկիրն էլ ունենար այն նույն համարձակությունը, ինչ դուք, որ խոսելով ձեր ցեղասպանության մասին` չեք մոռանում նաեւ հայերի ցեղասպանության մասին»,- ասաց նա: Աուրոնը շեշտում է, որ հայ ժողովուրդը կրկնակի զոհ է. նախ ցեղասպանության, ապա նաեւ ժխտողականության: Նա շեշտում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է նաեւ Թուրքիային, քանի որ առանց Հայոց ցեղասպանությա ն ճանաչման, Թուրքիան չի կարող դառնալ ժողովրդավար:
«Պետք է գտնել ճանապարհ միավորվելու, ճանաչման, նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի վերապրման, միավորման համար: Ձեր պայքարը դեռ ավարտված չէ: Երբ նայում ենք Հայաստանին, տեսնում Ղարաբաղը՝ հասկանում են, որ ձեր պայքարը դեռ ավարտված չէ»,- ասաց Աուրոնը:
Խոսելով միջազգային հանրության դիրքորոշման մասին, Աուրոնը շեշտում է, որ համաշխարհային հանրությունը պետք է ինքն իրեն հարց տա. «Ի՞նչ է նշանակում, որ 100 տարի անց ընդամենը քսանչորս պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եթե Օբաման երկու օր հետո հայտարարի, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, սա պետք է լինի ոչ թե պետության, այլ քաղաքական առաջնորդի կողմից հայտարարություն, որը պետք է լինի հստակ: Գերմանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Գերմանիան առաջիններից է, որ պետք է ճանաչեր: Իրենք էլ են ունեցել նմանատիպ դեպք: Եթե Բու նդեսթագը բարդ քննարկումներից հետո ինչ-որ խոսք է ասում, դա դեռ ճանաչում չէ»,- ասաց Աուրոնը՝ հավելելով, որ Գերմանիան կրելով բարոյական պատասխանատվություն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունն այնպես, ինչպես հրեաների Հոլոքոստը:
Ցեղասպանագետը շեշտում է, որ ցեղասպանությունների հարցում երրորդ կողմ գոյություն չունի. կա ոճրագործ եւ կա զոհ: «Եվ եթե դուք զոհի կողմից չեք, եթե դուք ուրանում եք ցեղասպանությունը նշանակում է՝ դուք ոճրագործի կողմից եք: Դուք պետք է որոշում կայացնեք, թե որ կողմն եք անցնում»,- ասաց նա:
Ւսրայելցի ցեղասպանագետը շեշտում է, որ իր համար Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին ոչ թե քաղաքական կամ իրավական հարց է, այլ՝ բարոյական:
«Մենք պետք է Հայոց ցեղասպանությանն անդրադառնանք, որովհետեւ մենք մարդ արարած ենք: Ես հրեա եմ եւ չեմ կարող խուսափել այն փաստից, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, մինչդեռ պետք է լիներ առաջին պետությունը: Կուզենայի ասել մի բան, որ ինձնից պահանջեց տարիներ: Երբ մենք ժխտում ենք Հայոց ցեղասպանությունը, ժխտում ենք մեր զոհերի հիշատակը: Ցեղասպանության ժառանգությունն ինձ համար մարդ արարածի կյանքի սրբությունն է: Մարդու կյանքի անձեռնմխելիությունն է: Եթե չենք հասկանում այս պարզ դասերը, որը սովորեցնում է ցեղասպանությունը, ապա կարող ենք ասել «երբեք», «ոչ», բայց դա կկրկնվի նորից»: