Մայիս ամսվա առաջին կեսը կլինի շատ թեժ, քանի որ Մայիսի 9-ին պետք է տոնենք մեր փառապանծ եռատոնը. Դավիթ Բաբայան
SocietyԱրդեն երկու օր է ինչ հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, որոնց ընթացքում հակառակորդը կիրառել է տարբեր տիպի նռնականետեր և 60 մմ ականանետեր:
Թե ինչ վիճակ է տիրում այս պահին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Orer.am-ը պարզեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից. «Ընդհանուր առմամբ վիճակը վերահսկելի է: Բնական է, որ հակառակորդը շարունակում է իր ապակառուցողական քայլերը հատկապես այն ժամանակ, երբ մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ հատկապես մեզ համար կարեւոր օրերին են այդ ժողովրդի մեջ եղած բարդույթներն ավելի տեսանելի դառնում: Կարծում եմ` նաեւ մայիս ամսվա առաջին կեսը կլինի շատ թեժ, քանի որ Մայիսի 9-ին պետք է տոնենք մեր փառապանծ եռատոնը, իսկ այդ օրերին հակառակորդը, իհարկե, իր ոճին համապատասխան պետք է որոշ քայլեր կատարի, սակայն նրա բոլոր քայլերն ու նախաձեռնությունները կասեցվելու են, ինչպես եղել է մինչեւ այդ եւ ինչպես կլինի միշտ»:
Հարցին, թե արդյո՞ք ապրիլի 24-ին ընդառաջ միջազգային հանրությունը, հետեւելով ադրբեջանական քայլերին, էլ ավելի խիստ քննադատություններ կհնչեցնի, Դ. Բաբայանը պատասխանեց. «Իմ կարծիքով, միջազգային կառույցների քննադատությունները Ադրբեջանի գործողություններին կլինեն կարեւոր եւ' քաղաքական, եւ' իրավական տեսանկյունից: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` երեւի թե ոչ բոլորը կդիմեն այդ քայլին: Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, որեւէ ձեւով չի տարբերվում երիտթուրքերի կամ նացիստների կողմից իրականացվող քաղաքականությունից»:
Սոսե Չանդոյան