Լուիզա Ներսիսյանը՝ հեռուստատեսային դադարի, ընտանիքի և ապագա ծրագրերի մասին
LifestyleLife.panorama.am-ը այսօր զրուցեց Կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմեց հեռուստատեսային տեւական դադարի պատճառների, առաջիկայում Հայաստանում եւ արտերկրում նկարահանված ֆիլմերի, ամերիկյան կինոէկրաններին հայտնվելու, ընտանիքի եւ դստեր մասին:
Ի տարբերություն տարիներ առաջվա՝ այսօր Լուիզա Ներսիսյանին շատ հազվադեպ կարելի է տեսնել հեռուստատեսային նախագծերում, այս միտումը դերասանուհին կապում է թատրոնում եւ գեղարվեստական ֆիլմերում խիստ զբաղվածությամբ. «Վերջին շրջանում բավականին հսկայական աշխատանքներ են տարվում թատրոնում, բացի այդ գեղարվեստական ֆիլմերում եւս հաճախ եմ նկարահանվում, այդ իսկ պատճառով հեռուստատեսային գործունեության հետ կապված որոշել եմ ժամանակավոր դադար տալ, իսկ հետագայում, եթե հեռուստատեսությունների կողմից լինի լավ առաջարկ կամ ես ինքս զգամ դրա պակասը իմ կյանքում, կփորձեմ դարձյալ հեռուստատեսություն մտնել»,- նշեց Լուիզա Ներսիսիյանը: Հայկական հեռուստասերիալներում մասնակցություն չունենալու հստակ պատճառներ դերասանուհին դժվարացավ նշել, իսկ խոսելով «Երեք կյանք» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր երկրորդական դեր, այն հարցին, թե արդյոք նրա համար գլխավոր եւ երկրորդկան դերերի հարցում սկզբունքներ չկան, պատասխանեց. «Այդ ժամանակ խնդիրը ուրիշ էր, ինձ առաջարկվել էր այդ դերը, որը արդեն երկար ժամանակ հեռարձակվող սերիալին պետք է հաղորդեր մի նոր գիծ: Այդ սերիալում իմ դերը երկրոդական չէր, քանի որ իմ կերպարը պետք է փոխեր սերիալի ընթացքը դեպի իրեն, ուղղակի հեռուստասերիլաը մտածվածի նման մինչեւ վերջ չիրականացվեց: Այդ ընթացքում ես մեկ ամսով պետք է գնայի Միացյալ նահանգներ, դրա համար էլ սցենարիստը իմ կերպարի վրա չաշխատեց»:
Դերասանուհին մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն մայիսի վերջին «Սկոտչ եւ վիսկի» ֆիլմը կհանձնվի հանդիսատեսի դատին, այս առումով Լուիզան նշեց, որ կան հատուկ պլաններ, որոնց մասին մանրամասնություններ հրաժարվեց հաղորդել՝ թողնելով այն ռեժիսորի իրավասությանը: Զուգահեռներ տանելով «Հոբելյանական հաճախորդը» ֆիլմում դերասանուհու կերտած կերպարի միջեւ, որտեղ նա հանդես եկավ բավականին անկեղծ ու համարձակ տեսարաններում, եւ հետաքրքրվելով, թե արդյոք «Սկոտչ եւ վիսկի» ֆիլմում եւս կլինեն նման տեսարաններ, թե ոչ, Լուիզա Ներսիսյանը ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ ես նման տեսարաններում եմ ներկայացել «Հոբելյանական հաճախորդը» ֆիլմում, ես պարզապես կերտել եմ կերպար: Ֆիլմը թելադրում է իր կանոնները, այսնիքն՝ սիրո մասին ֆիլմում, բնականաբար, սիրո պատմությունը պետք է լիարժեք ներկայացնել: «Սկոտչ եւ վիսկի» ֆիլմում եւս խաղացել եմ մեկ այլ կնոջ կերպար, որն էլ թելադրել է իր կանոննոերը: Ես ոչ մի համարձակություն չեմ տեսնում իմ արած աշխատանքում, ես պարզապես ազնիվ եմ կատարել իմ աշխատանքը»: Իսկ ահա այն դերասանուհիներ մասին, ովքեր հրաժարվում են բաց տեսարաններում խաղալ, Լուիզա Ներսիսյանը ունի իր կարծիքը. «Նրանք կոչումով դերասան չեն, այսինքն՝ պատահաբար են ընկել այս ասպարեզ, եթե աշխատանքում որեւէ բանից հրաժավում են, իհարկե, եթե դա չի արվում միայն նրա համար, որպեսզի ուղղակի նման տեսարան ստանա ռեժիսորը»,-շեշտեց դերասանուհին:
Խոսելով առաջիկայում նախատեսվելիք պլաններից՝ Life.panorama.am-ին Լուիզա Ներսիսյանը պատմեց, որ շուտով մեկը մյուսի հետեւից ոչ միայն հայ, այլ նաեւ արտերկրի հանդիսատեսի համար կներկայացվեն իր մասնակցությամբ միանգամից մի քանի ֆիլմեր. «Հիմա նկարահանվում եմ ռուսական «Մագիկյան» սերիալ-սիտքոմում, որը հավանաբար սեպտեմբերից կհանձնվի հեռուստադիտողի դատին: Բացի այս, վերջերս իրականացել է արդեն Ռոմա Մուշեղյանի «Ֆիլմ դրախտում» ֆիլմի նկարահանումները Շրի Լանկայում, որտեղ ես գլխավոր դերում եմ: «Սկոտչ եւ վիսկի» ֆիլմը արդեն մեկ ամսից հեռուստադիտողը կտեսնի: Եվ անցյալ տարի հունվարին նկարահանվել եմ ամերիկյան մի ֆիլմում, որը կոչվում է «Մանդարին», իսկ ռեժիսորն է Շոն Բեյքերն է: Այս ֆիլմը գնել է «Magnolia pictures»-ը եւ արդեն հունիսի 20-ին կցուցադրվի ողջ Միացյալ նահանգներով»,- նշեց դերասանուհին եւ պատմեց այս ֆիլմում նկարահանվելու առաջարկի մասին. «Այս ֆիլմում նկարահանվելու առաջարկը շատ պատահական է եղել: Անցյալ տարի երգիչ-դերասան Արսեն Գրիգորյանը զանգահարեց ինձ եւ ասաց, որ Շոն Բեյքերը քասթինգ է հայտարարել իր նոր ֆիլմի համար: Ես գնացի եւ առաջին հանդիպումից հետո արդեն ընդունվեցի նրա կողմից: Այդ շրջանում մենք ընտանիքով մեկնել էինք ԱՄՆ հանգստի, բայց քանի որ ընդունվեցի այդ քասթինգում, ես տասը օր ավել մնացի նախատեսվածից ու «Մանդարին» ֆիլմում մարմնավորեցի գլխավոր հերոսի կնոջ կերպարը»:
Անդրադառնալով իր ընտանիքին՝ Լուիզա Ներսիսյանը կես կատակ, կես լուրջ պատմեց, որ ամուսնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը, վերջին տարիներին ապրում է ինքնաթիռում, բայց եւ ընդգծեց, որ աշխատանքի բերումով ամուսնու՝ հաճախ երկրից մեկնելը չի խանգարում. «Նրա այս տեսակ աշխատանքը մեզ չի խանգարում, քանի որ մենք շատ հաճախ ենք գնում իր մոտ կամ ինքն է գալիս այստեղ: Բացի այդ, եթե սիրում ես մարդուն եւ սիրում ես նրա մասնագիտությունը, ուրեմն պետք է ըմբռնումով մոտենաս նրա աշխատանքին եւ նման հարցերը չպետք է խոչընդոտ հանդիսանան զգացմունքների եւ փոխհարաբերության վրա»:
Խոսելով դստեր մասին ու նկատելով, որ փոքրիկ Լիլիթը վաղ տարիքում ընտրել է ծնողների ուղին եւ դերասանություն մասնագիտության մեջ արդեն իսկ փորձում է իրեն, Լուիզա Ներսիսյանը նկատեց. «Այն, որ աղջիկս ընտրի բեմը, իմ եւ Հրանտի կողմից ոչ մի ուղղորդում չի եղել, թերեւս միակ ուղղորդումը այս հարցում եղել է այն, որ նա շատ հաճախ է մեզ հետ թատրոն եկել: Այս մթնոլորտում իր անձը ձեւավորվել է, եւ հետագայում էլ, եթե նույնիսկ նա չդառնա լավ դերասանուհի կամ ընդհանրապես չընտրի այս ուղին, մենք արդեն լավ հանդիսատես դաստիարակել ենք նրա մեջ»:
Իսկ վերջում այն հարցին, թե արդյոք դերասանուհին չի ցանկանում եւս մեկ անգամ զգալ մայրանալու բերկրանքը եւ Լիլիթին քույր կամ եղբայր պարգեւել, Լուիզա Ներսիսյանը նշեց. «Երբեք Աստծո գործերի մեջ չպետք է խառնվել»: