Հայաստանն ու ԱՄԷ-ն կխորացնեն առողջապահության ոլորտի համագործակցությունը
SocietyՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների առողջապահության նախարար Աբդուլ Ռահման Օվեյսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Արմեն Մուրադյանը ներկայացրել է առողջապահական համակարգում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, նա անդրադարձել է այս տարվա հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրին և հույս հայտնել, որ առաջիկայում այն կընդլայնվի:
ՀՀ առողջապահության նախարարը կարևորել է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի կառուցումը, որտեղ կարտադրվեն նաև ռադիոիզոտոպներ: Նա շեշտել է, որ քայլեր են ձեռնարկվում առողջապահական համակարգում առաջնային օղակի դերը բարձրացնելու ուղղությամբ:
Աբդուլ Ռահման Օվեյսը ընդգծել է երկկողմ համագործակցության ծրագրերի իրականացումը: Նա առաջարկել է փոխգործակցության շրջանակում նախաձեռնել մասնագիտական խմբերի փոխայցեր: ԱՄԷ առողջապահության նախարարը նշել է, որ իրենք մի շարք երկրների հետ առողջապահության բնագավառում իրականացնում են երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են փորձի փոխանակմանը, մասնագետների վերապատրաստմանը: Նրա գնահատմամբ` Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանն ուղղված լուրջ քայլեր են արվում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթական պատրաստվածությանը, դեղերի ոլորտին, երկու երկրի առողջապահական համակարգերի ուսումնասիրմանը վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների համագործակցությունն առողջապահական ոլորտում սկսվել է 2002 թվականից: