Ֆրանսիայի փաստաբանների միության նախագահն Ինդոնեզիային կոչ արեց չեղյալ համարել ֆրանսիացի Սերժ Ատալաուին մահապատժի ենթարկելու որոշումը
SocietyԱյսօր ՀՀ փաստաբանների պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև փաստաբանական գործունեության հիմնահարցերին նվիրված միջոցառման շրջանակներում Հայաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներն առաջ քաշեցին եւ քննարկեցին փաստաբանությանն առնչվող մի շարք խնդրահարույց հարցեր, որոնց շարքին էր դասվում նաեւ մահապատիժը:
Մահապատժի հարցի քննարկման ժամանակ Ֆրանսիայի փաստաբանների միության նախագահ Պիեռ Օլիվիե Սյուսը նշեց. «Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք վերացրել են մահապատիժը: Այս հարցի հետ կապված՝ մենք կարող ենք իրար շնորհավորել, քանի որ Ֆրանսիայում իրավական մակարդակով 1981 թվականից սկսած պայքարում էին այդ ամենի դեմ, եւ վերաջապես մենք այս հարցում հասանք հաջողության»:
Պիեռ Օլիվիե Սյուսը, շարունակելով խոսքը, նաեւ հանդես եկավ կարեւոր առաջարկով. «Հիշատակման օրը միջազգային հանրության մի զգալի մաս հավաքվել է Երեւանում. ես, օգտվելով այս առիթից, ուզում եմ կոչ անել Ինդոնեզիայի իշխանություններին, որպեսզի նրանք չեղյալ հայտարարեն Ֆրանսիայի քաղաքացի Սերժ Ատլաուին մահապատժի ենթարկելու հարցը, որը պետք է տեղի ունենա այսօր: Պետք է նշեմ, որ Հայաստանում վերացրել են մահապատիժը, որպեսզի երկրում գերակա լինի օրենքը: Հուսով եմ, որ նրա օրինակին կհետեւեն նաեւ մի շարք երկրներ»:
Բոլոր փաստաբանները միաձայն կողմ արտահայտվեցին՝ ստորագրելով ֆրանսիացի գործընկերոջ առաջարկի տակ:
Սոսե Չանդոյան