Մոմավառություն՝ Գյումրիում. ցեղասպանության շարունակականությունը տեղի է ունեցել նաև Շիրակ աշխարհում
SocietyԳյումրիում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլ 24-յան միջոցառումներն ավարտվեցին Գյումրու կենտրոնական հրապարակում: Երեկոյան ժամը 20:00-ին, Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Չնայած ցուրտ եղանակին, Գյումրու կենտրոնական հրապարակ էին եկել շատ գյումրեցիներ՝ մոմ վառելու ու աղոթք հղելու առ Աստվա:Առավոտյան Գյումրիի Բագրատունյաց այգում տեղի էր ունեցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վերածնունդ» հուշակոթողի բացման արարողությունը, այնուհետև պսակադրություն Հերհերի ձորում, իսկ երեկոյան՝ Գյումրու Վ. Աճեմյանի պետական դրամատիկական թատրոնում, տեղի ունեցավ «Հարյուրամյա լռություն» խորագիրը կրող հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:1915 թվականի ցեղասպանության շարունակականությունը տեղի է ունեցել նաև Շիրակ աշխարհում՝ Ալեքսանդրապոլի գավառում՝ 1918 մայիսի 15 և 1920 թվականի նոյեմբերի 7-ին՝ երկու անգամ թուրքական զորքերը ռազմակալել են տարածքը: Հայաստանի կենտրոնական վիճակագրական բյուրոյի 1919 թվականի տվյալների համաձայն` Ալեքսանդրապոլի գավառն ուներ 152 414 բնակիչ, որից բնիկ էին 118 053-ը, իսկ մնացածը գաղթական:
Համեմատության համար նշենք, որ 1915 թվականին Ալեքսանդրապոլ գավառում առկա բնակչության թիվը 245 980 էր, որից 22 818-ը արևմտահայ գաղթականներ: Ընդհանուր առմամբ, 1915-1921 թթ Ալ եքսանդրապոլի գավառի բնակչության թիվը պակասել է՝ թուրքական կոտորածների, պատերազմի դաշտում զոհվածների, սովի ու համաճարակների զոհ դարձածների և արտագաղթածների հաշվին: Որոշ տվյալների համաձայն՝ Ալեքսանդրապոլի գավառում թուրքերը կոտորել էին 60 հազար մարդու, վիրավորների թիվը հասնում էր 38 հազարի, գերիները՝ բացառապես տղամարդիկ, 18 հազար էին, քաղցից մահացածները՝ 32 հազար: 1921 թվականին Ալեքսանդրապոլի գավառը թողնելիս թուրքերն իրենց հետ տարել են 8 հազար կին ու աղջիկ: Գերության մեջ գտնվող 10 հազար մարդկանցից կենդանի է մնացել ընդամենը 2 հազարը: Շատեր ը հետապնդվել ու նահատակվել են ոչ միայն Հազ-Հազի (Հերհերի) ձորի տարածքում, այլ նաև իրենց գյուղերի մարագներում:
Միայն Ձիթհանքով համայնքում գտվող մարագներում թուրք ասկյարները կենդանի-կենդանի այրել են 500 հայի. թուրքերը շրջակա 7 գյուղերից հավաքել են տղամարդկանց՝ մի մասին գնդակահարել« իսկ մյուսներին`փամփուշտները խնայելու համար« լցրել են մարագները և այրել: Ջրառատում և այլ գյուղերում ևս հայերի հանդեպ նույն կերպ են վարվել:«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Շիրակի մարզային ծառայության պետ Ավետիք Մելիք Սարգսյանը փաստեց, որ կան համապատասխան արխիվային փաստաթղթեր այդ դեպքերին առնչվող, բացի այդ, Հերհերիկամ Ջարդի ձոր կոչվող տարածքում հայտաբերվել են մասունքեր:
«Հայաստանում առաջինը ցեղասպանությանը նվիրված հուշակոթողը տեղադրվել է այս վայրում՝ 1965 թվականին և հենց այս վայրում հայտաբերվել են մասունքեր, որոնք խոսում են պատմական այդ դեպքերի մասին՝ ձեռքի մեջ պահված բանալի, փամփուշտներ և այլն»,-նշեց Ավետիք Մելիք Սարգսյանը՝ ավելացնելով, որ դեպքերի մասին խոսում է նաև Ալեքսանդրապոլում 1915-1920 թվականներին ամերիկացի միսիոներների կողմից բացված որբանոցը, որը եղել է ամենամեծը: Հայաստանում այդ տարիներին կար մոտ 250 գաղթական, նրանցից 60 հազարը որբեր էին: Գյումրիում որբանոցը գործել է մինչև 1930 թվականը: Այս որբանոցում խնամվել է ավելի քան 25 հազար որբ:
Արմենուհի Մխոյան