Վրացի քաղաքական գործիչները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը և կոչ արել իշխանություններին միանալ հայերին
SocietyՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի օրն՝ ապրիլի 24-ին, ոգեկոչեման պատարագներ, բողոքի ակցիաներ և խաղաղ հանրահավաքներ են տեղի ունեցել Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում, շրջաններում և գյուղերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը:2015 թվականի ապրիլի 24-ին աշխարհի մյուս հայկական համայնքների հետ Վրաստանի հայությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 100-րդ տարելիցին:
Մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվել է վաղ առավոտից՝ մասնակցելու հինավուրց եկեղեցում մատուցվող Հիշատակի սուրբ պատարագին: Ոգեկոչման եկած մեծաթիվ բազմությունը զբաղեցրել էր եկեղեցին և նրա մերձակա ողջ տարածքը: Հավարտ Սբ. Պատարագի՝ պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը օրվա խորհրդի մասին քարոզի խոսքում հիշատակել է ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակը. սրբեր, որ դարձան հայ ժողովրդի պահապանները երկնքում:
Հոգևոր Հայրը երախտիքի խոսքեր է ուղղել այն երկրներին, ովքեր ապաստանել են փրկվածներին՝ օժանդակելով հայ ժողովրդի վերածննդին, շնորհակալություն հայտնեց այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ճանաչել ու դատապարել են հայոց ցեղասպանությունը:Տեր Հայրը նաև շնորհակություն է հայտնել քույր եկեղեցիներ՝ Հռոմեական-Կաթոլիկ, Ավետարանական-Լյութերանական և Ավետարանական-Մկրտական Սուրբ Եկեղեցիներին, որոնք կիսելով հայոց վիշտը այս օրերին իրենց աղոթքով, գուժկան զանգերով և հիշատակի պատարագին իրենց ներկայությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:Սուրբ պատարագից հետո, ներկաները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել հայկական եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին: Հոգևոր դասը երգել է շարականներ, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կատարել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հրաշակերտ բազմություն» շարականը:Պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յուրի Վարդանյանը ու դեսպանության դիվանագետներն իրենց տիկնանց հետ, Վրաստանում Ավետարանական-լյութերանական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանի Ավետարանական-Մկրտական Եկեղեցու հոգևոր հայր Տեր Մալխազ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսաբնակ և շրջաններից ժամանած հայեր:Դրանից հետո ժողովուրդը բողոքի պաստառներով, ՀՀ և Վրաստանի պետական և համայնքային դրոշներով շարժվել է դեպի Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն: Բազմամարդ էր հանրահավաքին մասնակցել են Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այլ համայնքների ներկայացուցիչներ, Վրաստանի հայաբնակ շրջաններից հատուկ ժամանած հայեր: Վրացի մի քանի քաղաքական գործիչներ, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, իշխանություններին կոչ են արել միանալ հայերին, հարգել Վրաստանի հայ համայնքի պահանջը, Ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը՝ ապագայում նման ոճրագործությունները կանխելու նպատակով:
Հանրահավաքն ընթացել է տարբեր լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, վրացերեն, անգլերեն, թուրքերեն ու եզիդերեն և դարձել դատապարտման, ճանաչման և հատուցման ոգեկոչում:Թուրքիայի դեսպանատան դիմաց հանրահավաքը լուսաբանվել է Վրաստանի բոլոր զանգվածային լրատվամիջոցներով:«Վիրահայոց թեմը իր շնորհակալությունն է հայտնում Վրաստանի ներքին գործերի նախարարությանը ապրիլի 23-ին և 24-ին անցկացված միջոցառումների ընթացքում անվտանգությունն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: