Ռուսաստանի ազգագրության թանգարանում կներկայացվեն հայկական եզակի ցուցանմուշներ
SocietyԱպրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորագրով ցուցահանդեսը եւ կկայանա «Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագրքի շնորհանդեսը։
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ցուցահանդեսը եւ կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաստանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ կներկայացվեն Ռուսաստանի ազգագրության թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշները` Միլլերի հավաքածուից: Ցուցահանդեսը բաղկացած է «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների եւ ջուլհակների աշխատանքների ցուցանմուշներ» եւ «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից:
Ցուցադրության բաժիններից մեկը կներկայացնի Հայաստանի տարբեր շրջանների ավանդական տարազները: Հայկական մշակույթը ներկայացված է նաեւ արժեքավոր լուսանկարչական նյութերով: Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայոց հոգեւոր մշակույթի` քրիստոնեության բաժինը:
«Արեւմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» կատալոգում ներ-կայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի եւ Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավաքածուն: