Կառավարությունը հայ երիտասարդներին հայրենիք վերադարձնելու հերթական քայլն է ձեռնարկում
SocietyԿառավարությունն առաջարկում է երկարացնել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի կիրառումը՝ քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց հետապնդումից ազատելու և Հայաստան վերադառնալու հնարավորություն տալու համար: Ազգային ժողովը քննարկում այդ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ օրենքն ընդունվել է 2003թ., որից հետո մի քանի անգամ օրենքի կիրառման ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն է առաջացել: «Այս պահի դրությամբ՝ օրենքը տարածվել է մինչև 2013թ. դեկտեմբերի 1-ը ծնված քաղաքացիների վրա: Այժմ մենք առաջարկում ենք օրենքի կիրառման ժամկետը երկարացնել, որպեսզի այն տարածվի մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը ծնված այն երիտասարդների վրա, որոնց 27 տարին լրացել է , ովքեր հնարավորություն կստանան մուծել համապատասխան վճարումները և կազատվեն զ ինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդումից»,- նշեց նախարարը:
Նախարարը հայտնեց, որ օրենքի կիրառման արդյունքում՝ անցած տարվա ընթացքում 958 քաղաքացի եկել է Հայաստան, կատարել է համապատասխան վճարները և ազատվել է քրեական հետապնդումից: Նա նաև տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում էլ արդեն 61 անձ կարողացել է օգտվել օրենքի տված հնարավորություններից և ազատվել քրեական հետապնդումից:
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս պահին զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական հետապնդման մեջ է գտնվում 30 հազար անձ՝ ընդգծելով, որ օրենքի կիրառման ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել իրավիճակը և բազմաթիվ երիտասարդների հայրենիք վերադառնալու հնարավորություն կտա: