«Ապակե կախազարդը» ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմմի» մրցանակին
CultureՀյուսթոնի միջազգային 48-րդ կիոփառատոնում կինոռեժիսորներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմն արժանացել է «Ոսկե Ռեմմի» մրցանակին (Golden Remmi Award)՝ լավագույն դրամայի համար։ Ինչպես տեղեկացրին ֆիլմի հեղինակները, փառատոնն անցկացվել է ապրիլի 10-19-ը:
«Հյուսթոնի միջազգային 48-րդ կիոփառատոնը հիմնադրվել է 1961թ. եւ համարվում է Միացյալ Նահանգների երեք խոշոր փառատոններից մեկը։ Այս փառատոնն առանձնանում է նրանով, որ այստեղ ներկայացվում են արվեստի ֆիլմեր։ Իսկ ժյուրին եւ փառատոնի կազմը բացառապես կինոռեժիսորներ են։ Այս փառատոնին ժամանակին մասնակցել են եւ արժանացել նույն մրցանակին Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Սթիվեն Սփիլբերգը, Ջորջ Լուկասը, Քոին եղբայրները, Էնգ Լին, Դեյվիդ Լինչը եւ այլ ճանաչված կինոռեժիսորներ»,- տեղեկացրին Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանը:
«Ապակե կախազարդը» մինչ այս մասնակցել էր Բուսանի, Կալկաթայի, Մոսկվայի, Մոնրեալի եւ այլ միջազգային կինոփառատոններին։ Այժմ Նարինե Մկրտչյանը եւ Արսեն Ազատյանն շարունակում են իրենց աշխատանքը Հայոց ցեղասպանությանը նվիրված «Դաշտը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի վրա՝ ֆրանսիական եւ նորվեգական արտադրողների հետ։