Իսկական բարեկամը սխալներն էլ է մատնանշում. Զարաքօլու
InterviewՀայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած թուրք մտավորական եւ հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն Հունաստանի Սալոնիկ քաղաքում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարում ճանաչելով Ցեղասպանությունը՝ Գերմանիան ապացուցեց, որ հանդիսանում է Թուրքիայի բարեկամը:
Թուրքական «Էվրենսել» թերթում Սալոնիկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթը «Իսկական բարեկամը սխալն էլ է մատնանշում» վերնագրով հրապարակած հոդվածում Զարաքօլուն գրում է, որ «իսկական բարեկամությունը երբեմն բարեկամիդ սխալները հուշելով է լինում»:
«Թուրքիայի եւ Գերմանիայի միջեւ բարեկամությունը շարունակվել է նաեւ Ֆաշիստական Գերմանիայի ժամանակաշրջանում: Թուրքիան չմասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին` չհարձակվելու եւ բարեկամության վերաբերյալ համաձայանգիր կնքելով Ֆաշիստական Գերմանիայի հետ:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ոչ միայն ճանաչեց ցեղասպանությունը, այլեւ արեց ավելին. ընդունելով ոճրագործության մեջ Գերմանիայի ունեցած դերակատարությունը, իրենց բաժին մեղքը: Բեռլինի Մայր տաճարում նախագահ Գաուկը հայտարարեց, որ հայերի ճակատագիրը 20-րդ դարի սարսափելի հետքերը կրող կոտորածների, էթնիկ զտման, տեղահանության եւ ցեղասպանության օրինակ է: Իմ կարծիքով, Գաուկը գոլ խփեց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դարպասը` պետության շահերը չգերադասելով իրականությունից»,-նշել է Զարաքօլուն:
Հոդվածում թուրք մտավորականը կարծիք է հայտնել, որ Գերմանիայի նախագահի կողմից հայկական կոտորածները «մարդկության դեմ իրականացված հանցանք» որակելուց հետո, Թուրքիայի համար նման խոստովանությունից խուսափելը շատ ավելի դժվար է լինելու:
«Եւ դա լինելու է Թուրքիայում ապրող բոլոր ժողովուրդների, բոլոր կրոնական խմբերի օգտին», -ընդգծել է նա:
Զարաքօլուն նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ամենածանր գինը վճարեցին Անատոլիայի բնիկ ազգերը. պատմական Հայաստանը, Պոնտոսը, Ասորեստանը ջնջվեցին քարտեզի երեսից:
«Մենք հայ եւ պոնտոսցի համայնքների հետ կիսում ենք 1915-ի համատեղ ցավը: Ինչ կարող ենք անել մենք` բացի «այլեւս երբեք» ասելուց», -նշել է Զարաքօլուն: