Կառավարությունը դեմ է Թևան Պողոսյանի նախագծին
SocietyՀՀ կառավարությունը դեմ է «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի: Կառավարություն ներկայացրած նախագծով, որը կքննարկվի գործադիրի ապրիլի 30-ի նիստում, առաջարկվում է հնարավորություն տալ պատգամավորներին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետև գրավորները՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից:
Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել բանավոր հարցերով կառավարությանը դիմելու կարգը: Մասնավորապես՝ առաջարկվում է նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում հնչեցվեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների 2-ական հարցեր, այնուհետև՝ 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից:
Կառավարությունը հարկ է համարում նշել, որ ՀՀ օրենսդրական աշխատանքի պրակտիկան վկայում է՝ կառավարությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ նախապես գրավոր ձևակերպված և ուղղված հարցերի առաջնահերթությունը բանավոր հնչեցվող հարցերի նկատմամբ բխում է պառլամենտական ժողովրդավարության և նպատակահարմարության սկզբունքներից: «Չստվերելով Ազգային Ժողովի պատգամավորների կողմից բարձրացվող բանավոր հարցերի կարևորությունը, առարկայականությունը և դրանց հրատապությունը՝ այդուհանդերձ նշենք, որ, որպես կանոն, գրավոր ձևակերպված հարցերն իրենց մեջ պարունակում են խորքային վերլուծության և ուսումնասիրման առարկա հանդիսացող մասնագիտական խնդիրներ: Կառավարությունն էլ իր հերթին հնարավորություն ունի իրավիճակային պատասխանի փոխարեն ներկայացնել լիարժեք ու հիմնավոր պատասխան: Ուստի, խնդիրը բարձրաձայնելու և նախապես աշխատանք կատարած պատգամավորի գրավոր հարցն ու դրա պատասխանը, պատգամավորի կարծիքը և կառավարության անդամի արձագանքն ուշադրության արժանանալու և լսելի լինելու իրավունքի տեսանկյունից ավելի արդարացված է»,- ասված է գործադիրի եզր ակացության մեջ:
Բացի դրանից, եզրակացության մեջ նշված է, որ ՀՀ պառլամենտարիզմի վիճակագրական պատմությունը փաստում է՝ գրավոր հարցերի իսպառ բացակայության դեպքում նիստի ժամանակը բավարարում է 13-14 բանավոր հարցերի համար, մինչդեռ յուրաքանչյուր անգամ բանավոր հարցեր տալու համար հերթագրվում են 19-20 պատգամավոր: Արդյունքում, ըստ գործադիրի, ներկայացված առաջարկության ընդունումը խնդիրը լուծելու փոխարեն կառաջացնի նոր խնդիր՝ ընդհանրապես կվտանգվի պատգամավորի գրավոր հարցերը և հարցերի պատասխաններն Ազգային Ժողովի նիստում հնչեցնելու սահմանադրական իրավունքի իրականացումը: