«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը շենքային պայմանների բարեկարգման կարիք ունի
SocietyՀնագիտական մեծ արժեք ունեցող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ունի շենքային պայմանների բարելավման և տեղանքի ենթակառուցվացքների բարեկարգման կարիք, որպեսզի այն դադարի անտեսված դուրս մնալ զբոսաշրջային երթուղիներից: Այս խնդիրների մասին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան կատարած այցի ժամանակ տեղեկացավ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ծանոթանալով թանգարանում ներկայացված ցուցադրության հետ՝ Հասմիկ Պողոսյանը լր ագրողներին հայտնեց, որ ներկա պահին մշակման փուլում գտնվող, Հնագիտության ազգային ծրագրում կարևոր առաջնահերթություն ունեցող խնդիրներից մեկը կդառնա «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի աշխատանքների շարունակությունը, շենքի հիմնանորոգումը և շրջակա տարածքում անհրաժեշտ ենթակառույցների ստեղծումը:
«Պարզ աչքով թվում է, որ թանգարանի գոյության հիսուն տարիների ընթացքում շատ քիչ աշխատանքներ են տարվել, սակայն երբ ներկայացնում են դրանք, պարզվում է, որ աշխատանքը հսկայական է, սակայն այն դեռ ունի մշտական ուսումնասիրության խնդիր: Այստեղ մեկ հնավայրի կտրվածքով կարելի է ուսումնասիրել քաղաքակրթության տարբեր շերտերը, և այդ իմաստով շատ ենք կարևորում այդ հնավայրը»,- ընդգծեց նախարարը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը տեղեկացրեց, թե պեղումները ցույց են տալիս, որ Մեծամորը, սկսած մ.թ.ա 5-րդ հազարամյակից մինչև 18-րդ դարի վերջը պարբերաբար բնակեցված տարածք է եղել և կարևորագույն պատմամշակութային դեր է խաղացել Արարտյան դաշտի և Հայկական լեռնաշխարհի գործընթացներում:
«Այս տարածքը հատկեպես մ.թ.ա 2-րդ հազարամյակի կեսերին կարևոր դեր է խաղացել և «դու»-ով է խոսել Մերձավոր Արևելքի շատ երկրների հետ՝ խեթերի, բաբելոնացիների, եգիպտացիների հետ», - ասաց Աշոտ Փիլիպոսյանը:
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Այս տարի լրանում են Մեծամոր հնավայրի պեղումների ձեռնարկման 50 և թանգարանի հիմնադրման 45-ամյակները: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզե և երկաթե դարերին:
Այստեղ հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը Բաբելոնի թագավոր Ուլամ Բուրարիաշի սարդոնիքսից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դար) և բաբելոնյան մյուս արքա Կուրիգալզու II-ին պատկանող, եգիպտական արձանագրություններով ագաթե կնիքը (մ.թ.ա. XV դար): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը: Վաղ երկաթե դարաշրջանում Մեծամորն Էթիունյան ցեղամիության «արքունի» քաղաքներից է եղել, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոն: Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ: Կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարում` մինչև XVII դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները: