Նեպալի բնակիչը փրկվել Է 60 ժամ փլատակների տակ մնալուց հետո
SocietyՆեպալի բնակիչը ապրիլի 29-ին երկրի մայրաքաղաք Կատմանդուում փրկվել Է յոթհարկանի բնակելի շենքի փլատակների տակ 60 ժամ մնալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հաղորդել Է «Հիմալայան թայմս» թերթը:
20-ամյա երիտասարդը հայտնաբերվել Է նեպալցի, չինացի եւ թուրք փրկարարների կողմից: Նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ըստ վերջին տվյալների՝ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 5 հազարը, իսկ տուժածների ընդհանուր թիվն անցնում Է 10 հազարից:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Սեյսմոլոգները վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցել են շուրջ 70 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաեւ Հնդկաստանում, որտեղ զոհվել Է ավելի քան 70 եւ տուժել շուրջ 250 մարդ, ինչպես նաեւ Մյանմայում, Բանգլադեշում եւ Տիբեթում:
Նեպալի վարչապետ Սուշիլ Կոյիրալան հայտարարել Է, որ երկրում երկրաշարժի զոհերի թիվը կարող Է հասնել 10 հազարի:
Նեպալի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին հաղորդել Է ՏԱՍՍ-ը: