Փարիզում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրույթը
CultureԵրկու ամսից ավելի աշխարհի մշակութային ու թանգարանային մայրաքաղաք Փարիզում գործելու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրույթը։
Այս մասին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում, մեծ քանակությամբ բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ, բացված ժամանակավոր ցուցադրույթը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «ՀԱՅԱՍՏԱՆ, 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրույթը աշխարհի տարբեր ծայրերում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրությունների շարքում աչքի է ընկնում իր աննախադեպ մեծ քանակությամբ ցուցանմուշներով: Ցուցադրության հանդիսավոր բացմանը Հայոց ցեղասպանության թանգ արան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին է նվիրել 1919 թ. Մերձավոր Արևելքի նպաստամատույցի տպագրած հանրահայտ պաստառներից մեկը:
«Իհարկե, հիմա տեսնում ենք միայն փայլուն արդյունքը, սակայն կուզենայի նշել, որ այս և ամենը երկարատև աշխատանքի հետևանք են: Սկսած պայմանավորվածությունից, որ ձեռք բերվեց մի քանի տարի առաջ, ընթացքից, որը նյութի ընտրությունն էր, համակարգումը, մինչև այսօր, երբ Փարիզի բնակիչներն ու միլիոնավոր այցելուները հնարավորություն ստացան ծանոթանալ մեր թանգարանի ցուցանմուշներին և ընդհանրապես Հայոց ցեղասպանության թեմային: Սա աննախադեպ մի իրադարձություն է և, իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական միջոցառումներից մեկը», - ասաց Սուրեն Մանուկյանը:
Փարիզի քաղաքապետարանում՝ Օթել դե Վիլի (Hôtel de Ville) միաժամանակ երկու սրահներում ցուցադրության են հանվել 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ: Շուրջ 150 ցուցանմուշից շատերը, որոնցից յուրաքանչյուրը մարդկային ողբերգության այս կամ այն դրվագի մասին բացառիկ տեղեկություն է հաղորդում, առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս: Ցուցադրույթը ներառում է ցեղասպանության զոհերի, վերապրողների անձնական իրեր, փաստաթղթեր, օրագրեր, լուսանկարներ, թերթեր, օտարերկրյա նպաստամատույց կազմակերպությունների հանգանակության թողարկումներ և այլ բնօրինակ նյութեր: