Արեգ Գալստյանը հստակ պատասխան չտվեց էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին
SocietyԷներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը դժվարանում է հստակ պատասխանել հարցին՝ կթանկանա՞ էլեկտրաէներգիայի սակագինը, թե ոչ: Ազգային ժողովում հայկական ատոմակայանի 2-րդ էնեգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համաձայնագրի քննարկման ընթացքում, պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, Արեգ Գալստյանն ընդ գծեց, որ այս պահին դժվար է այդ հարցին հստակ պատասխան տալ:
«Հարցը գտնվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում: Ամեն տարի հանձնաժողովը հայտեր է ստանում, քննարկում է, նաև ներդրումային ծրագրերն են անդրադարձ ունենում սակագնի վրա: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլեկտրաէներգիայի սակագինը կամ կբարձրացնի, կամ չի բարձրացնի: Ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել»,- նշեց Գալստյանը:
Պատգամավորի հարցին ի պատասխան, փոխնախարարն անդրադարձավ նաև ատոմակայանում նախորդ տարի արձանագրված չարաշահումներին, որոնց համար ձերբակալվել էր փոխտնօրենը: Արեգ Գալստյանն ընդգծեց, որ նախաքննությունը շարունակվում է, և վերջնական գնահատականներ տալ հնարավոր չէ, թե այդ չարաշահումների հետևանքով ինչ ծավալով վնաս է հասցվել կառույցին: