Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը կիրականացվի վարկային միջոցների և դրամաշնորհների հաշվին
SocietyՀայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար կներգրավվեն 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրելու է Ռուսաստանը: Այս մասին Ազգային ժողովում Հայկական ատոմակայանի 2-րդ էնեգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: «Նախնական հաշվարկներով` երկարաձգման աշխատանքների իրականացման համար մեզ անհրաժեշտ են 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ: Ավելի ուշ մենք խորհրդարանում կքննարկենք նաև Ռուսաստանի հետ վարկային համաձայնագիրը: Բացի այդ, մոտ 30 միլիոն դոլարի չափով էլ դրամաշնորհ կտրամադրվի, որի մի մասը տալու է ռուսական կողմը»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ ռուսական «Ռուսատոմ» ընկերության աշխատակիցներն այս պահին հայկական ատոմակայանի տարածքում նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, և հենց կյանքի կոչվի վարկային համաձայնագիրը, աշխատանքները կսկվեն:
2014թ. դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսվում է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով՝ սահմանելով մինչև 2026 թվականը: Գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը լրանում է 2016 թվականի վերջին: Արեգ Գալստյանը նշեց, որ կառավարությունն ստիպված է գնում ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգմանը, քանի որ չհաջողվեց նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրն սկսել նախանշված ժամկետում:
«Այս քայլը կատարում ենք ստիպված, որովհետև 2016 թվականի վերջին ավարտվում է գործող բլոկի ժամկետը, բազիսային հզորությունների լուրջ դեֆիցիտ կլինի, եթե չերկարաձգենք: Հաշվարկները ցույց են տվել, որ նման ծրագրերն իրականացվել են ՌԴ-ում, Ֆինլանդիայում, Սլովակիայում, Չեխիայում և եվրոպական մի շարք երկրներում»,- ասաց նա: