ԵՊՀ-ում բացվեց Երախտիքի ծառուղի
SocietyՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երևանի պետական համալսարանի գրադարանի մուտքի մոտ բացվեց Երախտիքի ծառուղի, որտեղ տեղադրված են հայանպաստ գործունեություն ծավալած օտարազգի հայտնի գործիչների կիսանդրիները: Ընտրվել են 12 գործիչներ՝ Ֆրիտյոֆ Նանսեն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Կարեն Յեպպե, Հենրի Մորգենթաու, Ջեյմս Բրայս, Արմին Վեգներ, Անատոլ Ֆրանս, Յակոբ Քյունցլեր, Ռաֆայել Լեմկին, Պիեռ Քիառ և Ալմա Յոհանսոն:
Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ շատ էին այն գործիչները, ում կիսանդրիները կարող էին տեղադրվել, սակայն խորհրդանշորեն ընտրվել են 12-ը: «Այս տասներկու անձանց կիսանդրիները դնելու միտքը հղացավ ռեկտորատում: Գաղափարը ներկայացրինք համալսարանի գետական խորհրդոին, և այն հավանության արժանացավ: Որոշվեց, որ ծառուղին ստեղծվելու է հանգանակությունների միջոցով: Եթե յուրաքանչյուր համալսարանական թեկուզ մեկ լումայով ներդրում ունենար, դա կխորհրդանշեր համախմբվածությունն այս գաղափարի շուրջ»,- նշեց Սիմոնյանը:
ԵՊՀ ռեկտորի խոսքով` գաղափարը կյանքի կոչեց քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը, ով ստանձնեց կիսանդրիների ստեղծման գործը: «Յուրաքանչյուր կիսանդրին այստեղ առանձնահատուկ է, և որևէ մեկը չէի ցանկանա առանձնացնել»,- հավելեց Սիմոնյանը: Ըստ նրա՝ համալսարանը այս կերպ փորձեց իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել այդ մարդկանց հիշատակին: