«Ես հպարտ եմ, որ նման մարդու հետ եմ աշխատում». Շուշաննա Թովմասյանը՝ Մկոյի մասին
LifestyleLife.panorama.am–ի այսօրվա զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն է, ում հանդիպում ենք «Տնփեսա» սիթքոմում՝ Անուշիկի կերպարում: Նախագծի ավարտի, ձեռք բերած ընկերների, տարաբնույթ կերպարների նաև անձնական կյանքի մասին մանրամասն՝ հարցազրույցում:
-Շարունակվո՞ւմ են Տնփեսա սիթքոմի նկարահանումները:
-Այո, այժմ զբաղված եմ վերջին նկարահանումներով, շուտով կավարտենք 4-րդ եթերաշրջանը: Հունիսի 1-ից կսկսվեն դասերս:
-Սպասվող աշխատանքային պարապուրդը Ձեզ արդեն անհանգստացնո՞ւմ է:
-Սա ինձ համար աշխատանք է, որին ես սիրով եմ գալիս: Երբ որևէ նախագծում երկար ժամանակ ներգրավված ես լինում, ավարտին մոտենալու ժամանակ հուզվում ես, կարոտ զգում: Ավարտից հետո մի քանի օր նույնիսկ դատարկություն ես զգում: Բայց ասեմ, որ հեշտ չէ անմիջապես նոր նախագծի անցնելը, կերպար կերտելը: Որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դուրս գաս նախորդ կերպարից:
-Իսկ «Տնփեսա»-ն նոր եթերաշրջան կունենա՞:
-Ոչ, սա վերջին եթերաշրջանն է:
-Արդեն իսկ այլ նախագծի առաջարկ ունե՞ք:
-Հնարավոր է, շուտով հանդիպենք, բայց փակագծեր չեմ կարող բացել:

-Կարոտո՞ւմ եք արդեն «Տնփեսայի» նկարահանման հրապարակը:
-Այո, շատ: Հատկապես, որ գիտեմ՝ մի քանի սերիա է մնացել նկարահանենք, շատ եմ հուզվում: Երբ մթնոլորտը ջերմ է լինում, բոլորի հետ մերված ես լինում, ավելի է նպաստում՝ կարոտ զգաս, նույնիսկ՝ ափսոսաս:
-Շուշանիկ, սիթքոմն ավարտելու հանգամանքը, ըստ Ձեզ, կապված էր ասելիքի սպառմա՞ն, թե այն որոշ խոսակցությունների հետ, որ դիտարժանությունը կորցրել է, լավ սկսվելով հանդերձ՝ անկում է ապրում:
-Խոսակցությունները նորմալ են, ամեն տեղ էլ առկա են: Բնական է, որ յուրաքանչյուր եթերաշրջան կարող է տարբեր կերպ ընդունվել. մեկն առավել կարող է սիրվել, մյուսը՝ ոչ այնքան: Բայց ես կարծում եմ, որ ավարտում ենք այն պատճառով, որ պրոյեկտը հասավ հանգուցալուծմանը: Տարբեր փուլեր հաղթահարելով՝ հասանք վերջաբանին:
-Նախագծից ո՞ւմ հետ առավել մտերմացաք:
-Բոլորին շատ սիրում եմ ու արդեն սկսում եմ կարոտել, բայց ամենամտերիմը Մկրտիչ Արզումանյանի հետ եմ:

-Դուք նաև հարևաններ եք, ժամանակին նույնպե՞ս մտերիմ եք եղել, թե նախագիծը ձեզ մտերմացրեց:
-Այս միջոցով առավել մտերմացանք: Այլ բան է՝ լինել հարևաններ, այլ բան՝ միասին աշխատել, լինել նույն միջավայրում:
-Մկոյի հետ դժվար չէ՞ աշխատել:
-Բացարձակ դժվար չէ, ընդհակառակը, նա շատ է օգնում, իր հետ աշխատելը հաճելի է: Ես հպարտ եմ, որ նման մարդու հետ եմ աշխատում: Դրական անձնավորություն է, ումից շատ բան կարող ես սովորել:
-Հետագայում ձեր համագործակցությունը կշարունակվի՞:
-Կարծում եմ, դա ժամանակը ցույց կտա: Եթե ինչ-որ նախագիծ լինի, որում անհրաժեշտ կլինի իմ ներկայությունը, կհամապատասխանեմ այս կամ այն կերպարին, ինչո՞ւ ոչ հնարավոր է: