Սևան-Վարսեր ճանապարհահատվածը կվերանորոգվի
SocietyՀայաստանի օրենսդրության համաձայն՝ համայնքային ճանապարհները վերանորոգվում են համայնքային բյուջեի հաշվին։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ ոչ միշտ է համայնքի բյուջեն բավարարում նման լայնածավալ աշխատանքների իրականացման համար, կառավարությունը դիմում է այլ միջոցների ևս։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, որը վերաբերում էր Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ճանապարհների անմխիթար վիճակին, ինչն առաջացրել է բնակիչների դժգոհությունը: «Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի վերանորոգման ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում իրականացվել են որոշ աշխատանքներ»,- նշեց Հարությունյանը:
Մանրամասնելով՝ Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ Երևան-Սևան մայրուղուց մինչեւ քաղաքի մուտք ընկած ճանապարհահատվածն արդեն վերանորոգվել է ու ասֆալտապատվել, նախատեսվում է նաև Սևան-Վարսեր ճանապարհահատվածի վերանորոգում․ վերջինի երկարությունը կազմում է 2,5 կիլոմետր, որից 900 մետրն անմիջապես քաղաքում է:
Նրա խոսքով՝ այս պահին իրականացվում են նախագծային-նախահաշվային աշխատանքներ։ Բացի այս ամենը՝ պետական բյուջեից Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 144 մլն դրամ, որով մասնակի վերականորոգվել են Սևան քաղաքի Շահումյան, Նաիրյան եւ Գործարանային փողոցները։