Գործարկվել է «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» բազմալեզու թարգմանիչ ծրագիրը
SocietyՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ մշակված բազմալեզու թարգմանիչ ծրագիրը հնարավորություն կտա պատմական հայրենիքում բնակվող հազարավոր հայերին առցանց սովորել հայերեն: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 29-ին տեղի է ունեցել «Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոն» (ISMA) բազմալեզու թարգմանիչ ծրագրի շնորհանդեսը:
«6 տարի շարունակ ՀՀ սփյուռքի նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին կից գործող Հայերենի և հայագիտության ինտերնետային կենտրոնի (ISMA) հետ, որը ղեկավարում է պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ վերջին տարիներին, սկսեցինք համագործակցել հատկապես Արևմտյան Հայաստանի մեր հայրենակիցների համար բառարաններ ստեղծելու նպատակով տեխնիկական և ծրագրային հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նա ընդգծել է, որ մուտքագրված բառարանը հնարավորություն է տալիս մեր պատմական հայրենիքում բնակվող հազարավոր ծպտյալ հայերին առցանց սովորել հայերեն: «Նրանց մեծ մասը հայերեն չի խոսում կամ էլ հաղորդակցվում է բարբառային խոսվածքներով: Սա մեծագույն նվեր է Արևմտյան Հայաստանում ապրող, սակայն հայերենին չտիրապետող հայերի համար»,- նշել է Սփյուռքի նախարարը: Այս համատեքստում թուրքագետ Սարգիս Հացպանյանը շեշտել է, որ պատմական հայրենիքում ապրող բռնի իսլամացված հայերի ինքնության վերականգնման առաջին լծակը հայերեն սովորելն է: «Մայրենի լեզվով Թումանյան, Իսահակյան և Չարենց կարդալով՝ մեր հայրենակիցները կվերագտնեն իրենց ինքնությունը»,- ասել է նա:
Ծրագրի հեղինակների մշակած նոր ձևաչափը թույլ է տալիս մշակել բազմալեզու թարգմանչական, բացատրական բառարաններ: Ներկայումս 14 լեզվով մուտքագրվել է ավելի քան կես միլիոն բառ՝ 100 հազարական՝ արևելահայերեն և արևմտահայերեն, 102 հազար՝ ռուսերեն, 120 հազար՝ անգլերեն, 42 հազար՝ թուրքերեն, ինչպես նաև բառեր ֆրանսերենից, գերմաներենից, թալիշերենից, լեզգիերենից, զազաերենից և այլն:
Շուտով պատրաստ կլինի նաև համշենահայերեն-թուրքերեն բառարանը:
Պրոֆեսոր Մանուկյանն իր հերթին նշել է, որ ծրագրի լայն կիրառության և շարունակական ճշգրիտ համալրման համար անհրաժեշտ է որոշակի ֆինանսական աջակցություն:
Բանախոսները համաձայնել են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նոր հզոր ալիք է թուրք ժողովրդի համար՝ առերեսվելու սեփական պատմության հետ: