Հայաստանի բանկերի միությունը դրական է արձագանքել Հրանուշ Հակոբյանի կոչին
SocietyՀայկական բանկերում դրսից գումար ներդնելու գաղափարը նոր չէ և արտերկրում տարբեր մասնագիտական միջոցառումների ժամանակ մշտապես ներկայացվել է մասնակիցներին: Ավելին, բանկերի միությունում նշում են, որ Հայկական դրամատներն ապահով են և կարող են ավելի մեծ եկամտաբերություն ապահովել: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ևս վերջերս սփյուռքահայերին կոչ արեց ակտիվորեն ՀՀ բանկերում գումար ներդնել:
«Արմենպրես»-ը առաջարկի վերաբերյալ փորձեց մեկնաբանու թյուն ստանալ Հայաստանի բանկերի միությունից: Ինչպես նշեց ՀԲՄ-ի վերլուծությունների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Արամյանը, այստեղ պետք է ի նկատի ունենալ այն հանգամանքը, որ ՀՀ բանկային համակարգը կայացած է և ապահով:
«Սփյուռքահայերը, ներդնելով այստեղ իրենց գումարները, նախ կունենան մեծ եկամտաբերություն, քանի որ ավանդների տոկոսադրույքները հայաստանյան բանկերում համեմատաբար բարձր են, քան Արևմուտքում: Եվ երկրորդը. նրանք կարող են վստահ լինել իրենց գումարների հուսալիության և պաշտպանվածության առումով, քանի որ մեր բանկերում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է հետևյալ չափերով՝ 4 մլն դրամը միայն դրամային ավանդ ունենալու դեպքում և 2 մլն դրամը միայն արտարժութային ավանդ ունենալու դեպքում: Հավելե մ նաև, որ ՀՀ կառավարությունը վերջերս կողմ է արտահայտվել համապատասխան օրենքում փոփոխություն կատարելու օգտին, ըստ որի` նշված գումարները շուտով ավելացվելու են 2,5 անգամ: Մյուս կողմից, դրսից ավանդների աճի դեպքում միանշանակ կշահի նաև Հայաստանի տնտեսությունը, որտեղ և կհոսեն բանկերի միջոցով լրացուցիչ ֆինանսական միջոցները»,- հայտնեց Արամյանը:
Կարևոր է նշել նաև, որ ՀՀ-ում գործող բանկերում այսօրվա դրությամբ էլ ավանդների զգալի մասը պատկանում է ոչ ռեզիդենտներին, այդ թվում և սփյուռքահայերին: Իմիջիայլոց, վերջին տարիներին ոչ ռեզիդենտների ավանդների աճի տեմպը գերազանցում է ընդհանուր ավանդների աճի տեմպը: