ԵԽ-ի կուսակցության ԼՂՀ-ն ճանաչելու մասին ՄԱԿ-ին հղած կոչը ցնցել է Ադրբեջանի իշխող կուսակցությանը
SocietyԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին Եվրախորհրդարանի «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցության ՄԱԿ-ին հղած կոչը ցնցել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությանը (ԵԱԿ):
Աշխարհի առաջադեմ հատվածի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը ոգեկոչելու հետ կապված թուրք-ադրբեջանական դաշինքի հակահայկական գործողությունների ամոթալի ձախողումից հետո ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու Եվրախորհրդարանի կուսակցության ՄԱԿ-ին հղած կոչը կաթվածի ազդեցություն է ունեցել Ադրբեջանի իշխող կուսակցության վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ իրադարձությունից ցնցված՝ ԵԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ, խորհրդարանի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը haqqin.az-ի հետ զրույցում անհեթեթ արտահայտություններ է արել՝ ասելով, թե Ադրբեջանը ՄԱԿ է մտել ԼՂ-ի հետ միասին: Դա այն դեպքում, երբ Ադրբեջանն անկախություն էր հռչակում, ԼՂ-ն, ԽՍՀՄ օրենքների համաձայն, արդեն դուրս էր եկել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության կազմից:
Նա ասել է, թե ԼՂՀ-ն ճանաչելու եվրոպական քաղաքական գործիչների ջանքերը, իբր, հաջողություն չեն ունենալու:
«ԵԱԿ-ն իր եվրոպական գործընկերների հետ անպայման կդիմի «Եվրոպական ազատ ալյանս» կուսակցությանը` պահանջելով դադարել պաշտպանել անջատողականներին»,- ասել է նա եւ «հույս» հայտնել, որ դա իրենց կհաջողվի: