Նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարևորագույն խնդիրներից են. Բակո Սահակյան
SocietyԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում մասնավորապես ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Աշխատանքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր ժողովրդին ուղեկցել է դարեր շարունակ, օգնել է նրան դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել դժվարություններն ու փորձությունները: Ազնիվ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ինչպես հայրենիքում, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում հայերը կարողացել են ստեղծել իրենց օջախն ու մշակույթը` անջնջելի հետք թողնելով համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ:
Այսօր արցախցին շարունակում է սեփական ձեռքերով կառուցել հայրենի երկիրը, կերտել իր սերունդների ապագան: Մարդկանց աշխատանքով ապահովումը, նոր աշխատատեղերի ստեղծումը մեր պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից են: Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա իր արժանի տեղը գտնել հայրենիքում եւ բարեխիղճ աշխատանքով հոգալ իր ընտանիքի հոգսերը: Իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորն այս ուղղությամբ: Թանկագին արցախցիներ, Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ եւ մաղթում խաղաղ ու ստեղծարար աշխատանք»: