Հայաստանում աշխատողներն այնքան էլ հետևողական չեն իրենց խախտված իրավունքների վերականգնման հարցերում
SocietyՀայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա դիմում են աշխատողներ, ովքեր հիմնականում ունեն աշխատանքային պայմանագրի, ամենամյա արձակուրդների, աշխատավարձերի վճարման կարգի հետ կապված խնդիրներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը: «Անցյալ տարի իրավաբանական բաժին է դիմել 150 աշխատող, որոնք հիմնականում դիմում են աշխատանքային պայմանագրի լուծման և այլ աշխատանքի փոխադրման հարցերով: Հաջորդ խումբն ամենամյա արձակուրդների, դրա հատկացման կարգի խնդիրներին է վերաբերում: Մյուսներն էլ դիմում են աշխատավարձերի, չվճարված աշխատավարձի, պակաս վճարելու դեպքերով, ինչպես նաև անօրինական կերպով ազատելու հարցերով»,- ասաց Միքայել Փիլիպոսյանը: Նրա խոսքով` շատերը դիմում են հասկանալու համար` խախտվե՞լ են, արդյոք, իրենց իրավունքները, թե ոչ: «Մարդիկ այդքանով սահմանափակվում են` գործատուի հե տ հետագա բարդություններից խուսափելու համար»,-ավելացրեց Փիլիպոսյանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը տեղեկացրեց, որ Հայաստանում աշխատանքային հարաբերությունների կեսից ավելին` 51-52 տոկոսը, ըստ տարբեր միջազգային կազմակերպությունների գնահատականի, ոչ ֆորմալ են: «Ոչ ֆորմալ նշանակում է, որ նրանցից շատերն աշխատում են առանց պայմանագրի կամ, եթե առկա է աշխատանքային պայմանագիրը, վարձատրության մի մասը կարգավորվում է ըստ պայմանագրի, մյուս մասը` բանավոր համաձայնությամբ և այլն: Այս պարագայում ստացվում է, որ աշխատանքային հարաբերություններն ամբողջությամբ չեն կարգավորվում օրենքի շրջանակներում»,-հայտնեց Բորիս Խառատյանը:
Բանախոսները տեղեկացրին, որ Աշխատանքային օրենսգրքի մոտ 60 հոդվածներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախագիծ կա ՀՀ կառավարությունում:
Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից: Այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով սահմանել 8 ժամանոց աշխատանքային օր: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889թ. Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել, երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Աշխատավորների « համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում: Դրանից հետո տարբեր պետություններ սկսեցին այդ օրը ներառել իրենց տոնացույցերում եւ բազմապիսի միջոցառումներ կազմակերպել` ամենատարբեր մասշտաբներով:
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով ներկայում էլ ոչ աշխատանքային մայիսի մեկը նշվում է որպես Աշխատանքի օր: