Խոսքի ազատության ոլորտում Հայաստանի համար կարող է ուսանելի լինել Էստոնիայի փորձը. փորձագետ
SocietyԽոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մատնանշում է խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանում խոսքի ազատության ամրապնդումը: Մամուլի ազատության միջազգային օրվան ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Աշոտ Մելիքյանը նշեց, որ համաձայն է մամուլի ազատության վերաբերյալ «Freedom House» կազմակերպության 2014 թվականի զեկույցում Հայաստանի ստացած 61 միավորի հետ, քանի որ նախորդ տարվա համեմատ, երբ Հայաստանի ցուցանիշը 62 միավոր էր, մեծ քա յլեր չեն իրականացվել խնդիրները վերացնելու համար:
«Freedom House»-ի դեպքում միավորներն ինչքան բարձր են, այնքան ցածր է երկրի դիրքը խոսքի ազատության մակարդակով: Այդ միավորները ձևավորվում են` հաշվի առնելով զանգվածային լրատվամիջոցների գործունեության օրենսդրական դաշտը, քաղաքական պայմաններ, որում գործում են լրատմամիջոցները, ու տնտեսական պայմանները: 0-30 միավորը համարվում է լիովին ազատ, 31-60 միավորը` կիսով չափ ազատ, 61-100 միավորը` ոչ ազատ: 2013 թվականի զեկույցում Հայաստանը ուներ 62 միավոր, 2014-ին` 61 միավոր:
«Ես համաձայն եմ այս գնահատականին, քանի որ մեծ հաշվով ոչինչ չի բարելավվել, եթե համեմատենք նախորդ տարվա հետ: Չնայած սա այն շեմն է, որ բավական է մեկ միավոր պակասի ու մենք կհայտնվենք կիսով չափ ազատների շարքում»,- նշեց Աշոտ Մելիքյանը:
Բանախոսի դիտարկմամբ` անհրաժեշտ են օրենսդրական դաշտում փոփոխություններ ու լրացումներ կատարել, մասնավորապես, «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում: «Այն մի շարք կետերով չի համապատասխանում այսօրվա պահանջներին, մանավանդ եթե մենք խոսում ենք թվային հեռուստատեսությանն անցնելու մասին: Բացի այդ, շատ վատ միտում է այն, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների դեպքերից որևէ մեկը մինչև վերջ չի բացահայտվել, իսկ մեղավորը չի ենթարկվել պատասխանատվության: Անցյալ տարի գրացվել է լրագրողների դեմ բռնության 9 դեպք, որևէ մեկը պա տասխանատվության չի ենթարկվել»,-հայտնեց բանախոսը:
Աշոտ Մելիքյանը թյուր է համարում այն տեսակետը, թե Հայաստանում խոսքի ազատությունն սահմանվածից ավելին է, երբ նկատի են ունենում զանգվածային լրատվության միջոցներում երբեմն հանդիպող սանձարձակ բնույթի նյութերը: «Շատ հաճախ թացն ու չորը խառնելով, սանձարձակությունը խոսքի ազատության հետ համադրելով` ասում են, թե սա չէ խոսքի ազատությունը: Երբ այս կամ այն գործունեության նկատմամբ քննադատությունն ու ոչ հանդուրժողական վերաբերմունքը համարվում է վիրավորանք ու զրպարտություն, դա խանգարում է լրատվամիջոցներևի անկաշկանդ գործունեությանը»,-ասաց խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Հիմք ընդունելով «Freedom House»-ի ներկայացրած տվյալները, որոնց Աշոտ Մելիքյանն ավելի է վստահում, քան այլ կազմակերպությունների ցուցանիշներին` նա նշեց, որ Հայաստանը Վրաստանից հետ է մնում ազատ խոսքի մակարդակով, իսկ անհամեմատ լավ դիրքերում է` ի տարբերություն Ադրբեջանի: «Բայց ես չէի ցանկանա, որ մենք Ադրբեջանի հետ համեմատվենք: Մեզ համար ավելի լավ կլինի համեմատվել այնպիսի երկրի հետ, ինչպիսին Էստոնիան է, որը հետխորհրդային երկիր լինելով, հասել է ավելիին, քան օրինակ, մի շարք եվրոպական երկրներ»,-ավելացրեց Աշոտ Մելիքյանը: