Հայրիկ Մուրադյանի 110-ամյա հոբելյանը կնշանավորվի մեծ համերգով
CultureԺողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրը՝ մայիսի 3-ին, համերգ կկազմակերպվի: Վանի հերոսամարտին և Մուրադյանի ծննդյան հոբելյանին նվիրված համերգը տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում:
«Վան» ազգագրական համույթի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը մայիսի 2-ին հրավիրված ասուլիսի ընթացքում տեղեկացրեց, որ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն ամեն տարի ընկերներն ուխտի են գնում Նուբարաշեն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրիկի գերեզմանին:
«Ամեն տարի Հայրիկի ծննդյան օրը գերեզմաններ ենք գնում: Համերգին մասնակցելու են տասից ավելի ազգագրական խմբեր և մի շարք կատարողներ: Միջոցառման մուտքն ազատ է»,- նշեց Անդրանիկ Հովհաննիսյանը:
«Ակունք» ազգագրական համույթի հիմնադիր անդամ Սարգիս Բաղդասարյանը նշեց, որ նախկին Գերագույն դատարանի շենքի կողքը ձայնագրման ստուդիա կար, որտեղ էլ ունկնդրել է նրա ձայնը և ծանոթացել Հայրիկի հետ:
«Վան» ազգագրական համույթի հիմնադիր Ռոբերտ Դաշտոյանը Հայրիկ Մուրադյանին առաջին անգամ լսել է ռադիոյով: Նրա կատարումները տպավորել են Դաշտոյանին, և որոշել է ծանոթանալ երգչի հետ:
«Հայրիկը հյուրեր էր սիրում և յուրաքանչյուր խոսք տանում էր դեպի մշակույթը: Նա փորձում էր մեզ բանասիրական կրթություն տալ, պատմել ազգային երգերի մասին: Նա ասում էր, որ Աստծո կողմից մարդուն տված ամենամեծ արժանիքը երախտապարտ լինելն է: Հայրիկի դուստրը՝ Մարո Մուրադյանը, շատ ոգևորված էր, երբ ստեղծվում էին ազգագրական համույթներ»,- նշեց նա:
Ասուլիսի ընթացքում հնչեցին Հայրիկ Մուրադյանի կատարած երգերից:
Ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանը ծնվել է 1905 թվականին Վանի նահանգի Շատախի շրջանի Ջնուկ գյուղում: 1915թ. Մուրադյանների գերդաստանը Շատախից գաղթել է Իրանի Սալմաստ քաղաք, հետո վերադարձել Վան, ապա կրկին` Իրան և, վերջապես, հասել Իրաքի անապատներ: Միայն Հայրիկը, նրա մայրը, եղբայրն ու հորեղբայրն են կարողացել ողջ մնալ այդ փորձություններից հետո: Մասնագիտությամբ եղել է պատմաբան և շատ արժեքավոր աշխատությունների հեղինակ: Սակայն առավել հայտնի է դարձել որպես հին հայկական ժողովրդական երգերի կատարող: Ձայնագրվել է Հայաստանի Ազգային ռադիոյում: Բազմա թիվ հայկական հայտնի ֆիլմերում հնչել է նրա ձայնը: Եղել է «Ակունք» ազգագրական համույթի ոգեշնչողն ու խորհրդատուն, որը հետագայում գլխավորել է նրա դուստրը` Մարո Մուրադյանը: Ստեղծել և գլխավորել է բազմաթիվ ազգագրական ուսանողական և մանկական համույթներ: Մահացել է Երևանում: