Բակո Սահակյանը կատարեց իր ընտրությունը
SocietyՍտեփանակերտի թիվ 3 ընտրատարածքի երրորդ ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ով ընտրատեղամաս էր այցելել կնոջ ուղեկցությամբ: Ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նախագահն ասաց, որ հանգամանքը, որ ԼՂՀ ընտրությունները միջազգային ճանաչում չեն ստանում, դեռ չի նշանակում, որ Արցախում հուսահատվում են:
«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները: Այս խորհրդարանական ընտրություններն իրենց էությամբ առանձնահատուկ են, քանի որ նպատակ են հետապնդում նպաստելու հաջողությունների արձանագրմանը: Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»,- ասաց Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ԼՂՀ իշխանությունները ընտրութ յունների անցկացմանը մոտեցել են այն սկզբունքով, որ պահպանվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված բոլոր կանոնները:
«Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այդ ընտրությունները:Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են մեր երկրին, մեր քաղաքցիներին»,-եզրափակեց ԼՂՀ նախագահը:
ԼՂՀ-ում անցկացվում են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները: Մայիսի 3-ի առավոտյան բացվել են բոլոր 279 տեղամասային ընտրական հանձնաժողովները: Տեղամասերից մեկը գտնվում է Երեւանում, եւս մեկը՝ Քրեակատարողական հիմնարկում: Ընտրության իրավունք ունեցող 101.653 քաղաքացիները մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն կարող են կատարել իրենց քաղաքացիական պարտքը: ԼՂՀ ընտրություններին հետեւելու համար Ստեփանակերտ են ժամանել բազմաթիվ միջազգային դիտորդներ, անկախ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընտրություններին մասնակցում են մեծամասնական ընտրակարգով գրանցված 42 եւ համամասնական ընտրակարգով 7 կուսակցությունների 164 թեկնածուներ: