Ովքեր են հոշոտում մեր երկրի փողերը կամ արդյո՞ք գիտակցել են՝ որտեղից է սկսվում կոռուպցիան
AnalysisՀամաձայն պաշտոնական տեղեկատվության՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարներն անդրադարձել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականներին, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերին և առկա խնդիրներին:
Հովիկ Աբրահամյանը պահանջել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներից զերծ մնալ որևէ տեսակի կոռուպցիոն դրսևորումներից և ընդգծել, որ այս հարցում ևս լինելու է առավելագույնս հետևողական:
Կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր օղակները ցայժմ պետք է լինեին հենց ԾԻԳ-երը, որովհետև հենց այդ կառույցների միջոցով է տարիներ շարունակ թալանվել Հայաստան մտնող հսկայական ներդրումները: Այդ կառույցները փաստացի վերահսկել են երկրի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված գումարների ամբողջ փաթեթը, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ փողերի զգալի մասը ուղղակի մսխվել է և փոշիացվել:
Կոռուպցիայի դեմ պայքարի ցանկացած քայլ կապիկություն ու աճպարարություն է, եթե բոլորը գիտեն այդ գումարների հիմնական պարտակողների տեղը և ոչինչ չեն ձեռնարկում: Տարիներ շարունակ բացարձակ անտարբերության կամ հանցավոր համաձայնության պայմաններում այդ գրասենյակները դարձել են յուրօրինակ փողերի լվացարաններ և բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված որևէ գործուն միջամտություն իշխանությունների կողմից չի եղել:
Հիշու՞մ եք Վերահսկիչ պալատի նախագահի հայտարարությունը, որ մեր պետական բյուջեի 70 տոկոսը՝ 701 մլրդ, վտանգված է. խոսքը հիմնականում վերաբերվում էր հենց ԾԻԳ-երի կողմից գումարների անբարեխիղճ օգտագործմանն ու անխնա թալանին: Զաքարյանը բացահայտեց այդ աղաղակող ապօրինությունը, ու պատկերացրեք, որ այդ ժամանակ գործող պաշտոնյաներից ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, ավելին, Սերժ Սարգսյանը իր տաքուկ գիրկն առավ վարչապետ Տիգրան Սարգսյանին, և ԾԻԳ-երը շարունակեցին հոշոտել մեր դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գումարները:
Եթե անկեղծորեն ուզում եք պայքարել կոռուպցիայի դեմ և ունենալ բարվոք ենթակառուցվածքներ՝ խոսքից պետք է անցնեք գործի և վերահսկեք ԾԻԳ-երը:
Վարուժան Բաբաջանյան