Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ
BlogԶանգվածային լրատվամիջոցների հարգելի´ ներկայացուցիչներ,
այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը, որի առիթով Հայաստանի Հանրապետության բոլոր լրագրողներին ուղղված շնորհավորանքս ուզում եմ շնորհակալության տեսքով փոխանցել:
Արագ զարգացող տեխնոլոգիաների մեր դարում, երբ յուրաքանչյուր ոք առանց դժվարության կարող է տարածել տեղեկատվություն և նույն հեշտությամբ էլ ապատեղեկատվությունը մատուցել որպես լուր, առավել քան կարևոր և կենսական է դառնում պրոֆեսիոնալ լրագրողների աշխատանքը: Ու հենց դրա համար առանձնակի շնորհակալ եմ ձեզ` պրոֆեսիոնալ լրագրողներիդ, ովքեր կարողանում են կարևոր զարգացումներ տեսնել այնտեղ, որտեղ ուրիշները սենսացիա կամ այդ համատեքստում իրենց համար հետաքրքիր ոչինչ չհայտնաբերելով, անուշադրության են մատնում: Ու հենց դուք` պրոֆեսիոնալ լրագրողներդ եք կարողանում հետևողականորեն հանրության ուշադրությունը սևեռել առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վրա, որոնք այդուհետ դառնում են նախադեպեր ու փոխում են կարծրացած մտածելակերպեր, մարդկանց, նաև` մեր իրականությունը:
Ու պատահական չէ, որ ձեզ` զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներիդ, արդարացիորեն համարում են չորրորդ իշխանություն: Մաղթում եմ, որ պատվով ու սկզբունքայնությամբ շարունակեք կատարել ձեր այդչափ կարևոր մասնագիտական աշխատանքը:
Տարոն Մարգարյան