Ազգային ժողովում քննարկում են համայնքների խոշորացման ծրագրի առանձնահատկությունները
SocietyՀայաստանն ունի հզոր կառավարման համակարգ ու թույլ ինքնակառավարման համակարգ: Մայիսի 4-ին նման տեսակետ արտահայտեց Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը «Համայնքների խոշորացում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նա պարզաբանեց, որ թույլ ասելով ի նկատի ոչ թե թույլ ղեկավարին` գյուղապետին, քաղաքապետին, այլ թույլ ֆինանսական հնարավորություններով ու համայնքի բնակչության կողմից ունեցած օբյեկտիվ վերաբերմունքի առումով: «Մենք գյուղեր ենք ունենում, ուր ընտրությունների ժամանակ ավագանի չի առաջադրվում, քանի որ համայնքի բնակչությունը համարում է, որ ավագանուց շատ բան կախված չի: Եթե բնակչությունն այդպես է վերաբերվում այդ մարմնին, ուրեմն համակարգում մենք ունենք լուրջ խնդիրներ»,-ասաց Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով` համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում հասկացել են, որ բնակչությունը խորը պատկերացում չունի իրականացվող գործընթացների վերաբերյալ:
Ներկայում Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առաձնին օղակ է: Յուրաքանչյուր քաղաքային ու գյուղական համայնք բաղկացած է մեկ, որոշ դեպքերում, մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1000 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքներում: Դրանցից 49-ը քաղաքային են, 866-ը` գյուղական:
ՀՀ կառավարության կողմից շրջանառվում էր խոշորացման երկու մոդել` «փնջային»` համայնքները միավորվում են որևէ ծրագրի` հիմնականում տնտեսական ներուժ պարունակող, և այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների շուրջ և «շրջանային»` խոշորացված համայնքի կազմում ներառվում են նախկին խորհրդային վարչական շրջանի տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր: Երկար քննարկումների արդյունքում ընտրվել է «փնջային» մոդելը:
Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի մեջ ընդգրկվել են Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերի մի շարք համայնքներ: