Աշնանը, հավանաբար, կմտածենք նոր սիթքոմի մասին, «Տնփեսան» իսկապես հաջողվեց. Մկրտիչ Արզումանյան
LifestyleLife.panorama.am-ի ասյօրվա զրուցակիցն է սիրված դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը: Մեզ հետ զրույցում նա պատմեց «Տնփեսա»-ի ավարտի և առաջիկա ծրագրերի մասին:
-Ավարտվում է «Տնփեսա» սիթքոմը, հետաքրքիր է, ինչո՞ւ որոշվեց սահմանափակվել 4 եթերաշրջանով:
-Յուրաքանչյուր նախագիծ ունի իր պահպանման ժամկետը, պետք է ունենաս ասելիք, եթե ասելիքը վերջանում է, պետք է ժամանակին կանգնեցնել նախագիծը, որպեսզի հետևանքները վտանգավոր չլինեն: Իմաստն ու այն նպատակները, որով սկսեցինք կյանքի կոչել այս սիթքոմը, արդեն արդարացված են: Կարծում եմ՝ յուրաքանչյուր լավ նախագիծ պետք է ճիշտ ժամանակին ավարտել, որպեսզի այն թողնի լավ հիշողություններ ու չձանձրացնի:
-Կարծիքներ կան, թե «Տնփեսա»-ի նկատմամբ հետաքրքրությունը պակասել է, Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս առումով:
- Նախագծերը սկզբում ավելի մեծ ոգևորությամբ է ընդունվում, հետո ամենանորմալ ընթացքով մարդիկ սովորում են դրան ու իրենց կարծիքների արտահայտման հարցում ավելի զուսպ են լինում: Վստահ կարող եմ ասել, որ այս ընթացքում «Տնփեսա»-ն որակային անկում չի գրանցել, ու դա են վկայում մինչ օրս հեռուստադիտողի դրական արձագանքները: «Տնփեսա»-ն ունի իր հավատարիմ հանդիսատեսը, իսկ մենք էլ հավատարիմ ենք բարձր որակի գործեր ստեղծելու մեր սկզբունքներին, որի արդյունքում ունենք փոխադարձ մեծ սեր:
-Դուք այս երկու տարում գրանցեցիք թիմային լավ աշխատանք: Առաջիկայում այս նույն թիմով նոր աշխատանքների սպասի՞ հեռուստադիտողը:
-Ես շատ կցանկանամ, որ այս թիմով դարձյալ աշխատելու հնարավորություն ունենամ, բայց կոնկրետ դեռ նախագծեր չկան: Հիմա իսկապես տխուր եմ, որ ավարտվում է սիթքոմը, քանի որ ընկերացել ենք ու այս երկու տարվա ընթացքում անգամ ընդմիջումների ժամանակ սարսափելի կարոտում ենք միմյանց. ուզում ես անընդհատ զգաս այս շփումը:
-Սիթքոմում Դուք կերտում էիք երկու կերպարներ: Հետքրքիր է՝ ինչպե՞ս հաջողվեց Ձեզ մեկ վայրում երկու կերպար մարմնավորել այնպես, որ դրանք սիրվեին և ընդունվեին յուրովի: Դժվարություններ լինո՞ւմ են արդյոք, էկրանից այս կողմ թվում է, թե Դուք այդ հարցում ոչ մի դժվարություն չունեք:
- Եթե լուրջ ես վերաբերվում աշխատանքիդ, անպայման այդ խնդիրները լինում են: Ամեն նկարահանմանը ինձ թվում է, թե դա առաջին անգամն է: Ցանկացած կերպար ստեղծելիս ես շատ եմ անհանգստանում: Հիմա էլ կա մի նախագիծ, որտեղ դարձյալ մեծահարուստի դեր պետք է կերտեմ, ու ինձ համար գերխնդիր է, որ ներկայանամ այնպես, որ Կորյուն Անուշավանովիչին նման չլինի: Ես ամեն բեմ բարձրանալիս հուզվում եմ ու անհանգստանում, և կարծում եմ բոլորի մոտ էլ այդպես պետք է լինի, ով լրջորեն է մոտենում իր աշխատանքին: Յուրաքանչյուր կերպար կերտելիս պետք է անընդհատ մտածես, նոր մտքեր իրականացնես, որ երկար լինի այդ կերպարի կյանքը ու հեռուստադիտողի համար այն հարազատ դառնա, քանի որ հենց դա է կերպարի հաջողության գրավականը: Ես շարունակելու եմ այսպես գործել՝ չխնայելով ինձ:
-Մկրտիչ, հնարավո՞ր է, որ մի օր Ձեզ տեսնենք դրամատիկ կերպարում:
-Իհարկե, հնարավոր է և պետք է փորձել դա: Կարծում եմ, որ եթե դերասան ես, ուրեմն պետք է ունակ լինես ամեն դերեր խաղալու եւ զգալու: Ես սիրում եմ էքսպերիմենտներ և վերջին տարիների իմ աշխատանքները ցույց տվեցին, որ ես գնում եմ էքսպերիմենտենրի՝ աշխատելով առանձին, ուրիշ ռեժիսորների, ուրիշ դերասանների հետ: Ես պատրաստ եմ այդ ճանապարհը անցնելու: Թե դրամատիկական, թե երգիծական կերպարներ կերտելը չափազանց անկեղծություն է պահանջում, եթե մի փոքր անգամ շեղվես, անմիջապես՝ անգամ աչքերի արտահայտությունից կզգացվի:
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք, ե՞րբ Ձեր հանդիսատեսը դարձյալ կտեսնի Ձեզ էկրաններին:
-Նոր գեղարվեստական ֆիլմեր են սպասվում: Հիմա «Շարմ» ընկերությունը նկարահանում է գեղարվեստական ֆիլմ, որտեղ եւս պետք է կերտեմ մի կերպար, որը դարձյալ իր տեսակում յուրովի կլինի, ու ինչպես յուրաքանչյուր կերպար, այն մարմնավորելը եւս ինձ համար շատ հետաքրքիր եւ կարեւոր է: Բացի սրանից, ևս մեկ ֆիլմ էլ է նկարահանվում, որտեղ բացի գլխավոր դերից փորձել եմ հանդես գալ նաև որպես պրոդյուսեր. թե դերասանական անձնակազմը, թե ողջ թիմը, ովքեր իմ ընկերներն եմ, թե սցենարը, թե ընդհանուր մոտեցումը խոստանում է, որ հաջողված նախագիծ կլինի: Իսկ արդեն աշնանը, հավանաբար, կմտածենք նոր սիթքոմի մասին, որը պետք է շատ հետաքրքիր լինի, քանի որ «Տնփեսան» իսկապես հաջողվեց, այն պետք է լինի այս սիթքոմի հաջողության շարունակությունը:
Հարցազրույցի շարունակությունը՝ հաջորդիվ: