Ես բացարձակ իմունիտետ ունեմ ադրբեջանական խավիարի դեմ. ԵԽ պատգամավոր
SocietyԱդրբեջանական կողմը, գործի դնելով իր ֆինանսական ռեսուրսները, ձգտում էր խոչընդոտել մայիսի 3-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրոպական խորհրդարանի պատգամավորների աշխատանքները, ինչը չի հաջողվել: «Ես բացարձակ իմունիտետ ունեմ ադրբեջանական խավիարի դեմ: Նրանք գուցեև շատ ֆինանսական միջոցներ ունեն իրենց նպատակներին հասնելու համար, սակայն մեր միջոցներն են արդարությունը և մեր գաղափարները»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում մայիսի 4-ին հրավիրված ասուլիսին նման հայտարարություն արեց ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Եվորպական խորհրդարանում մեծ ազդցություն ունի «խավիարային դիվանագիտությունը», և արդյոք դիտորդական առաքելություն իրականացնող պատգամավորները մտավախություն չունեն, որ նավթադոլարների միջոցով Ադրբեջանը կարող է հետապնդումների դիմել:
ԵԽ պատգամավորը նաև տեղեկացրեց, որ դեռևս 2014 թվականին Եվրոպական խորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման ժամանակ մեղադրանքներ է ստացել ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: «Ադրբեջանական թերթերից մեկը մի հոդված էր հրապարակել, որտեղ ինձ մեղադրում էր հաջորդ պատերազմը հրահրելու մեջ: Ես ուզում եմ հավատացած լինել, որ պատերազմ տեղի չի ունենա և Ադրբեջանը կմեղմի իր ագրեսիան ոչ միայն Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ, այլև այն մարդկանց, ովքեր դիտորդական առաքելություն են իրականցնում և ձգտում են ժողովրդավարական և արդարացի արդ յունքների հասնել»,- հավելեց Էնգելը:
Նախնական տվյալներով` մայիսի 3-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հինգ տոկոսի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-ը: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցմամբ, առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35 տոկոսը: Ազգային ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Դաշնակցության օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 տոկոսը: «Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 տոկոս: 5 տոկոսի շեմը չեն հաղթահարել ԼՂՀ կումունիստական կուսակցությունն ու «Խաղաղություն եւ զարգացումը»:
Մայիսի 3-ին Արցախում վեցերորդ անգամ խորհրդարանի կազմ են ընտրել: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս: