Կասեցվել է «Միլկի թադ»-ի չանախի և Ա/Ձ Գարիկ Դանիելյանի թթվասերի արտադրությունը
SocietyԿասեցվել է «Միլկի թադ» ՍՊԸ-ի «Չանախ» պանրի և Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի թթվասերի արտադրությունը: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանից, նման որոշում կայացվել է ծառայության պետի մայիսի 4-ի որոշմամբ:
Ծառայությունը թե՜ «Միլկի թադ» ՍՊԸ-ում, թե՜ Ա/Ձ Գարիկ Դանիելյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության արդյունքների համաձայն ՝ «Միլկի թադ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Չանախ» պանրի արտադրատեսակն ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջներին, իսկ Գարիկ Դանիելյանին պատկանող արտադրամասի թթվասերը չի համապատասխանել որոշմանը ԱՑԽՄ և խմորասնկերի ցուցանիշներով:
Երկու արտադրողներին սանիտարական օր կազմակերպելու, արտադրական սարքավորումներն ախտահանելու, նշված սննդամթերքի արտադրությունը ներկայացված պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև փորձնական արտադրանք թողարկելու և լաբորատոր փորձաքննության ներկայացնելու հանձնարարականներ են տրվել: Միաժամանակ՝ «Միլկի թադ» ՍՊԸ-ին հանձնարարվել է հետ կանչել իրացման կետերից և օգտահանել 2014 թվականի մայիսի 16-ին արտադրված «Չանախ» պանրի, իսկ Գարիկ Դանիելյանին՝ թթվասերի խմբաքանակները:
Խախտումները վերացնելու համար ժամկետ է սահմանվել մինչև 2015 թ. մայիսի 20-ը: