Սանկտ Պետերբուրգի թանգարանում հայերին առնչվող 10 հազար տպագիր արժեքներ կան
CultureՍանկտ Պետերբուրգի Կրոնի պատմության թանգարանի ֆոնդերում պահվում են հայ ժողովրդի պատմության, մշակույթի, կրոնի, գրականության, արվեստի վերաբերյալ տարբեր դարաշրջաններում հրատարակված ավելի քան 10 հազար տպագիր արժեքներ: Տարբեր առիթներով հայկական ազգային այդ արժեքները պահոցներից դուրս են բերվում և սրահներում ի ցույց դրվում: Սանկտ Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Սանկտ Պետերբուր գի Կրոնի պատմության թանգարանի և Հայկական համայնքի միացյալ նախաձեռնությամբ թանգարանում բացվել է «Ժողովրդի իմաստությունը նրա ուժն է, աննկուն ոգին» ցուցահանդեսը:
Այցելուների համար բացառիկ հետաքրքրությաւն են ներկայացնում վաղ շրջանի հայ ժողովրդի պատմության, մատենագիտության, քրիստոնեության ծագումնաբանության, մշակույթի, այբուբենի հայտնագործության, ժողովրդական բանահյուսության վերաբերյալ հրատարակությունները: Ներկայացված հավաքածուներից ուշադրության են արժանի 1900 թվականին Փարիզում լույս տեսած Ֆրանսուա Տայնեբիզի «Հայաստանի քաղաքական և կրոնական պատմությունը հայերի ծագումից մինչև նրանց վերջին թագավորը» գիրքը, Դևիդ Լենգի «Հայերը ստեղծող ժողովուրդ» աշխատությունը, որը կրում է հնագույույն քաղաքակրթության առեղծվածը խորագիրը, Ա.Ե. Տեր Սարկիսյանցի «Քրիստոնեությունը Հայաստանում և նրա դերը վաղմիջնադարյան հայ մշակույթում և էպոսում» ստվարածավալ ուսումնասիրությունը, «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թյուրքիայում. Վերապրածների վկայություն» ժողովածուն, եբրայական և հունական բնագիրներից 1857 թվականին Պոլսում հայերեն թարգմանված Աստվածաշունչը և բազմաթիվ այլ գրքեր, պատմագիտական,ու իմացաբանական արժեք ներկայացնող հրատարակչություններ:
Յուրի Կարապետյան