Դուք շատ եք շահարկում օլիգարխ անվանումը. Վախթանգ Միրումյան
PoliticsԱյսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 65 կողմ ձայնով: Թե իրականում ինչո՞վ է պայմանավորված օրենքում փոփոխություն կատարելը, արդյո՞ք այն միտված է առանց այն էլ լայն ճեղք տված բյուջեն լցնելու համար, Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց.
«Այս փոփոխությունը միտված է մեր երկրին օգուտ բերելու համար: Անկեղծ ասած` օրենքում փոփոխություններ անելու պատճառը բյուջեի դատարկ լինելը չէ: Պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատ` եկամուտները, հարկային վճարումներն ավելացել են: Ակնկալիքները կախված են տնտեսական զարգացումներից եւ օրենսդրական փոփոխություններից: Մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ տնտեսական զարգացումները կախված են, նախեւառաջ, հիմնականում արտաքին շուկաներում առկա անորոշություններից: Այստեղ կա նաեւ երկրորդ հանգամանք. մենք նախորդ տարի տնտեսությունը եւ ձեռնարկատիրական միջավայրը բարելավելու ու գործունեությունը խթանելու համար մի շարք օրենսդրական փոփոխություններ կատարեցինք: Մասնավորապես, վերացրեցինք նվազեցված շահութահարկը ավելացրած արժեքի հաշվեգրման մասով եւ այլն:
Բնականաբար, այս բոլոր միջոցառումները, որոնք մեր պետությունը ձեռնարկում է, ողջունելի է, քանի որ այն ունենում է միջանկյալ եկամտային ազդեցություն: Մենք գնացինք ձեռնակատիրությունը խթանելու տարբերակով, եւ, բնականաբար, այն չէր կարող ազդեցություն չունենալ հարկային եկամուտների վրա»:
Հարցին, թե արդյո՞ք սա Կառավարության կողմից պատրաստված հերթական թակարդն է, որն ուղղված է օլիգարխների դեմ, փոխնախարարն ասաց. «Դուք շատ ենք շահարկում օլիգարխ անվանումը: Բոլոր այն անձինք, ովքեր կունենան նման ծրագիր, կարող են գալ, ստանալ նման հավանություն, գրանցել կազմակերպությունը Հայաստանում եւ իրականացնել գործունեություն»:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից բարձրացրած այն հարցին, թե արդյո՞ք Կառավարության կողմից ներկայացված օրենքում փոփոխություններ իրականացնելու համար պետք է լինի համապատասխան համաձայնագիր ՌԴ-ի կողմից, Վ. Միրումյանը նկատեց. «Ես չեմ կիսում Բագրատյանի այն տեսակետը, որ օրենքում նման փոփոխություն անելու համար պարտադիր պետք է համաձայանագիր լինի Ռուսաստանի կողմից: ԲՆականաբար, բոլոր համաձայնագրերը ուսումնասիրված են եւ ամեն ինչ արվում է ըստ օրենքի»:
Սոսե Չանդոյան