Նապագահ Սարգսյանն սկսել է հանդիպումներն ԱՄՆ-ում
SocietyՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի առաջին օրն սկսվել է Սենատում տեղի ունեցած հանդիպմամբ, որին մասնակցել են Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդից ընտրված սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ինչպես նաև Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը:
Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Սենատից Նախագահ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ Պետքարտուղարություն, որտեղ հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։
Այցի երկրորդ օրը Սերժ Սարգսյանը կայցելի Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, կլինի նաև ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում՝ կծանոթանա գրադարանի հայկական ցուցանմուշներին: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը կհյուրընկալվի «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ: Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով:
ՀՀ Նախագահի աշխատանքային այցի շրջանակներում կստորագրվի նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը, նաև կոռուպցիայի դեմ պայքարին: