Գերմանիայի և Ավստրիայի ընթերցողները կծանոթանան եղեռնազոհ գրողների գործերին
SocietyԵղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններն ամփոփվել են «Հողը կը խօսի» վերտառությամբ, գերմաներեն թարգմանված ժողովածուում, որի շնորհանդեսն առաջիկա օրերին տեղի կունենա Գերմանիայում, այնուհետև՝ Ավստրիայում։ Թարգմանական ժողովածուի լույսընծայման նախաձեռնությունը «Հայաստանի գրողների միավորում» ՀԿ-ինն է։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նախատեսվում է ստեղծել նաև ռուսերեն ժողովածու։ Գիրքն ընդգրկում է 10 հեղինակի` Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Ռուբեն Զարդարյանի, Երուխանի, Թլկատինցու, Գեղամ Բարսեղյանի, Տիգրան Չյոկյուրյանի, Արտաշես Հարությունյանի գործերը:
Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ ժողովածուի տպագրության նպատակն է աշխարհին ծանոթացնել եղեռնազոհ հայ գրողներին, նրանց ստեղծագործություններին, ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները և պատմել Մեծ եղեռնի մասին, շոշափելի դարձնել Հայոց ցեղասպանության արհավիրքը։ Գրական երկերը գերմաներեն թարգմանել են հենց գերմանացի գրողները։ Գիրքը տարածվելու է գերմանախոս երկրներում։ Օրինակներ են հատկացվելու գրադարաններին, գրասերներին, ներկայացվելու են ցուցահանդեսներին։ «Մեզ համար ցավալիորեն կենդաÕ �ի են Առաջին համաշխարհայինի հետևանքները։ Մեր սպանված գրողների համար տապանաքար և սուրբ հիշատակ են նրանց գրքերը, որոնք տպագրվում են աշխարհի շատ լեզուներով, նաև՝ թուրքերեն։ Այս գերմաներեն հատորյակը ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հնչեցնելու է հիշատակի զանգը և խնկարկելու հավատամքը՝ կարող են սպանել մարմինը, իսկ հոգին՝ երբեք»,- նշված է գրողների միության նախագահի՝ «Հողը կը խօսի» գրքի առաջաբանում։