Երևանի քաղաքապետարանը գնումների մրցույթներն իրականացրել է օրենքի տառին համապատասխան. Արթուր Գևորգյան
SocietyԵրևանի քաղաքապետարանն իր կարիքների համար գնումներն իրականացրել է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի տառին համապատասխան՝ բաց, թափանցիկ և հրապարակային: Այդ մասին նշված է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանի տրամադրած պարզաբանման մեջ:
«Կազմակերպված գնումների գործընթացներում լիարժեք ապահովվել է մրցակցության հիմնարար սկզբունքը, ընդ որում՝ կախված գնման առարկայի առանձնահատկությունից, կազմակերպված մրցույթներին մասնակցության քանակական ցուցանիշները մի շարք դեպքերում եղել են տարբեր, ընդհուպ մասնակիցներ չլինելու պատճառով որոշ մրցույթներ չեն կայացել: Ավելորդ չեմ համարում նշել, որ հայտարարված մրցույթներին որևէ կազմակերպության մասնակցությունը չի սահմանափակվել: Նաև հավելեմ, որ քաղաքապետարանի մրցույթներում միշտ հաղթող են ճանաչվել առավել ցածր գին առաջարկած մաս նակիցները, որոնց արդյունքներն ի դեպ օրենքով սահմանված կարգով հրապարակվում են»,- նշել է Գևորգյանը:
Ավելի վաղ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետարանի հայտարարած շուրջ 620 մրցույթներից 357-ում (ընդհանուր մրցույթների 57%-ը) մասնակիցների միջև ընդհանրապես բացակայել է մրցակցությունը: