Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների մասին զեկույցը ներկայացվել է միջազգային գիտաժողովում
SocietyԵվրոպական Միության Մարի Կյուրի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի քաղաքական և մշակութային հիշողությունը» ծրագրի շրջանակներում Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքի Նեոֆիտ Ռիլսկի համալսարանում անցկացվել է երեխաների խնդիրների լուսաբանմանը նվիրված «Ապրել Բալկաններում» խորագիրը կրող միջազգային գիտաժողով: Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանու թյան ծառայություն» ՊՈԱԿ-ից, կազմակերպության Գիտահետազոտական բաժնի վարիչ Կարինե Բազեյանը Կարինե Բազեյանը հանդես է եկել «Օսմանյան կայսրությունում հայկական կոտորածների հետևանքով որբացած երեխաների գոյատևման հիմնախնդիրը» թեմայով զեկույցով:
Զեկույցն ուղեկցվել է համապատասխան լուսանկարների ցուցադրմամբ: Շեշտադրում է արվել 1895-1896թթ. համիդյան, այնուհետև 1909թ. Ադանայի ու Հաճնի կոտորածների և հատկապես Մեծ եղեռնի տարիներին երեխաների կրած անմարդկային զրկանքների, նրանց գոյատևաման խնդիրների ու դրանց լուծման եղանակների լուսաբանման վրա: Անդրադարձ է եղել նաև օտարերկրյա անհատ-միսիոներների, միջազգային բարեգործական կազմակերպությունների ու հիմնադրամների հայանպաստ գործունեությանը:
Զեկուցողը խոսել է միսիոներուհիներ Կարեն Եփեյի, Ալմա Յուհանսոնի, Մարիա Յակոբսենի, Բոդիլ Կատարինա Բյորնի և Հեդվիգ Բյուլի աշխատանքների մասին, որոնք իրենց ողջ կյանքը նվիրել են հայ որբերի փրկությանը, բուժմանը, խնամքին, կրթությանն ու նրանց հետագա կյանքը կարգավորելու գործին: Խոսվել է նաև Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անգնահատելի մարդասիրական օգնության մասին, որի հովանավորությամբ ստեղծված որբանոցներում փրկվեցին հարյուր հազարավոր հայ որբեր:
Ներկայացվել է նաև Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Կ. Ալեքսանյանի` «Արևմտահայ որբերի կրթական գործի կազմակերպումը Ալեքսանդրապոլի գավառում 1915-1922թթ.» զեկույցը:
«Ապրել Բալկաններում» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նախատեսում է մասնակիցների գիտաճանաչողական փոխայցելություններ ծրագրում ընդգրկված երկրներ` տեղի գրադարաններում, արխիվներում աշխատելու և թանգարաններին ու պատմական հուշարձաններին ծանոթանալու համար, կազմակերպվում են նաև գիտական քննարկումներ (Workshop):
Գիտաժողովը բավականին ներկայացուցչական է եղել. մասնակցել են Չեխիայից, Սլովակիայից, Մակեդոնիայից և Ավստրիայից հրավիրված գիտնականներ: Մինչ խորհրդաժողովին մասնակցելը, Հայաստանը ներկայացնող խումբը մեկնել էր Սալոնիկ` ծանոթացել քաղաքի պատմամշակութային հուշարձաններին, եղել Մակեդոնիայի պատմության թանգարանում, քաղաքի հայ կաթոլիկ եկեղեցում: Ծրագրի մասնակից գիտակրթական կազմակերպությունն Արիստոտելի անվան համալսարանն է եղել: