Հայ երիտասարդներն ընկերվարական միջազգային ժողովին Հայոց ցեղասպանության պահանջատիրական բանաձև կներկայացնեն
SocietyՀՅԴ երիտասարդական թևը Երևանում մեկնարկող Ընկերվարական (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միության համաշխարհային խորհրդի ժողովին է ներկայացնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ պահանջատիրական սկզբունքներով բանաձև: Այս մասին մայիսի 7-ին տեղեկացրեց ՀՅԴ արտաքին հարաբերության հանձնախմբի անդամ Արփինե Մարտիրոսյանը:
Մայիսի 8-10-ը կայանալիք ժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու աշխարհի 60 երկրների սոցիալիստական կուսակցությունների երիտասարդական կառույցների շուրջ 160 անդամներ՝ համախմբվելով «Հավասար աշխարհը հնարավոր է» կարգախոսի շուրջ: «Երիտասարդներն, ովքեր ներկա են գտնվելու համաժողովին, իրենց երկրի քաղաքականության հետագա սերունդն են: Այդ առումով մենք կարևորում ենք նրանց Հայոց ցեղասպանության խնդրին իրազեկելը և տարբեր մայրցամաքներում հայամետ քաղաքական գործիչներ ունենալու հող նախապատրաստելը», - ասաց Արփինե Մարտիրոսյանը:
Աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպություններից մեկի ժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ և այս տարի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, որոշվել էր համաժողովն անցկացնել Հայաստանում:
ՀՅԴ արտաքին հարաբերությունների հանձնախմբի անդամը հույս հայտնեց, որ բանաձևի ընդունումը կօգնի իրենց` ապագա սերնդի քաղաքական գործիչների շարքում ունենալ հայկական լոբբինգով զբաղվող անձինք:
Ընկերվար միության համաժողովի օրակարգին առընթեր պատվիրակները կայցելեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, թանգարան-ինստիտուտ: Նախատեսվում է ծառատունկ: